Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից ավելի քան երկու շաբաթ առաջ՝ մարտի 6-ին ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին, որ հենց այդ վայրը կարող է դառնալ հավանական հարձակման թիրախ։ Այս մասին գրում է գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնց անունները չի նշվում։
«Նախազգուշացման հստակության բարձր մակարդակն ընդգծում է Վաշինգտոնի այն համոզմունքը, որ «Իսլամական պետությունը» հարձակում է նախապատրաստում, որը սպառնում է մեծ թվով քաղաքացիական անձանց։ Դա ուղղակիորեն հակասում է Մոսկվայի այն պնդումներին, որ ԱՄՆ-ի նախազգուշացումները չափազանց ընդհանուր էին, որպեսզի օգնեն կանխել ահաբեկչությունը»,-գրում է պարբերականը՝ ավելացնելով, որ սա «նոր հարցեր է առաջացնում, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները ավելի վճռական միջոցներ չեն ձեռնարկել»։
Վաշինգտոնը այլ երկրների հետ պարբերաբար փոխանակվում է հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններով, սակայն «հակառակորդին հստակ թիրախների մասին տեղեկատվության փոխանակումն անսովոր քայլ է», նշում են պարբերականի հետ զրուցած պաշտոնյաներն ու փորձագետները։ Նրանց պնդմամբ նման քայլը կարող է բացահայտել ԱՄՆ հետախուզական գործակալություննեի աշխատանքը, մասնավորապես այն մասով, թե ինչպես են նրանք տեղեկատվություն ստանում։ Դա կարող է վտանգել հետախուզական գործունեությունը եւ հույժ գաղտնի տվյալների աղբյուրները:
Սակայն համերգասրահում ահաբեկչություն նախապատրաստելու մասին տեղեկատվությունը նաեւ պոտենցիալ սպառնալիք էր Ռուսաստանում գտնվող ամերիկացիների համար, բացատրվում է հոդվածում։
Washington Post-ի համաձայն՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները սպասվող ահաբեկչության մասին տեղեկատվությունը են փոխանցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) փոխանցել են մարտի 6-ին, այսինքն Մոսկվայում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրություն հրապարակելուց մեկ օր առաջ։ Ընդգծվել է նաեւ, որ հավանական ահաբեկչությունը կարող է տեղի ունենալ համերգի ժամանակ։
Պարբերականի աղբյուրներից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ն նաեւ զգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում սինագոգի վրա հնարավոր հարձակման մասին։ Մարտի 7-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարեց Մոսկվայի սինագոգում ահաբեկչություն կանխելու մասին։
«Թե ինչու՞ անվտանգությունը չի ամրապնդվել եւ պահպանվել նախնական նախազգուշացումից հետո, մնում է անհասկանալի: Հավանաբար ռուսական հետախուզական ծառայությունները, տեսնելով, որ մարտի 7-ին հաջորդող օրերին հարձակում չի եղել, ենթադրել են, որ ԱՄՆ-ի տեղեկությունները սխալ են եւ թուլացրել են հսկողությունը»,-ենթադրել է պարբերականի աղբյուրը։
Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանի ԱԴԾ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ը տեղեկություն է փոխանցել հարձակման նախապատրաստման մասին, բայց այն անվանել է «ընդհանուր», ոչ մանրամասն։