Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին խորհրդարան է ներկայացնում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով, նախորդ տարվա օրինագծում կատարվելու է միայն մեկ փոփոխություն։ «Օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կկիրառվի «կազմակերպություն, որն առաջ է քաշում դրսից եկած ուժերի շահերը»։
Կուսակցական ղեկավարությունից պնդում են, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ է «ծայրահեղականությունն ու հեղափոխական գործընթացները» ֆինանսավորող հասարակական կազմակերպությունների թափանցիկությունն ապահովելու համար։
«Հիշեցնեմ, որ օրինագիծը նախատեսում է միակ պահանջը՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունների կողմից տարեկան ֆինանսական հաշվետվության հրապարակում, խախտման համար նախատեսված են միայն ֆինանսական պատժամիջոցներ։ Սա հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության նվազագույն չափորոշիչն է, որին պետք է համապատասխանի ցանկացած կազմակերպություն […]:Այսպիսով, օրինագծի բովանդակությունը քննադատության նույնիսկ նվազագույն հիմքեր չի տալիս։ Մինչեւ ընթացիկ նստաշրջանի ավարտը օրենքը կընդունվի երեք ընթերցմամբ»,-հայտարարել է Մդինարաձեն։
Նախորդ տարի «Վրացական երազանքը» հետ կանչեց «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը երկրում սկսված երկօրյա զանգվածային ցույցերից եւ ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումներից հետո։