Իսպանիայի իշխանությունները ոչ միայն ծրագրում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, այլ նաեւ կաջակցեն Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն։ Այս մասին հայտնում է El País-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցում հայտարարել է, որ «մենք պետք է ուշադիր լինենք այն որոշումներին, որոնք մոտ ապագայում կընդունվեն Բրյուսելում եւ Նյու Յորքում»։
El País նշում է, որ եթե անգամ Պաղեստինի մուտքը ՄԱԿ չհաստատվի, նախաձեռնության փաստը կծառայի որպես կազմակերպությունում հարցը քննարկելու շարժառիթ։
Իսպանիան ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ եւ, հետեւաբար, ձայնի իրավունք չունի, սակայն թագավորությունը կարող է մասնակցել քննարկումներին, քանի որ նստաշրջանը բաց կլինի կազմակերպության մյուս անդամների համար: Նշվում է, որ նախաձեռնության քննարկման ժամանակ Իսպանիան կներկայացնի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Ապրիլի 1-ին ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Պաղեստինը ցանկանում է, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ քվերակության դնի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ: Փետրվարի վերջին Մանսուրը հայտարարեց, որ Պաղեստինը, արաբական երկրների աջակցությամբ, մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկիրը որպես համաշխարհային կազմակերպության մշտական անդամ ընդունելու գործընթաց սկսելու համար։
Պաղեստինն այժմ ունի մշտական դիտորդ ՄԱԿ-ում։ Այս կարգավիճակով երկրները կարող են մասնակցել հանդիպումների մեծամասնությանը եւ մուտք ունենալ գրեթե բոլոր համապատասխան փաստաթղթերին, սակայն չունեն ձայնի իրավունք: Բացի Պաղեստինից, ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի միայն Սուրբ Աթոռը (Վատիկանը):