Սլովակիայում ասում են, որ ուկրաինական իշխանությունները երկրի տարածքում վաղուց են պատսպարում «Իսլամական պետության» զինյալներին եւ օգտագործում նրանց սեփական նպատակների համար։ Նման հայտարարություն կատարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպմանը։
Ելույթի ժամանակ Պատրուշեւը պնդել է, որ մարտի 7-ին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների կողմից Ռուսաստանում գտնվող իրենց քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչության վտանգի մասին նախազգուշացումների հրապարակումից հետո ահաբեկչության հեղինակներն այցելել են «Crocus City Hall»՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։
«Հատկանշական է նաեւ, որ Արեւմուտքը, «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, սկսել է ակտիվորեն քարոզել այն թեզը, որ Ուկրաինան ներգրավված չէ կատարված հանցագործության մեջ»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հաջորդիվ Պատրուշեւը ահաբեկչության շուրջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արձագանքը որակել է «ոչ ադեկվատ», ով, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով, Մոսկվային մեղադրել է ահաբեկչության կազմակերպման մեջ։
«Միեւնույն ժամանակ Սլովակիայում ուղղակիորեն ասում են, որ Կիեւի ռեժիմը վաղուց է ԻՊ-ի զինյալներին պատսպարում իր տարածքում եւ օգտագործում է նրանց սեփական նպատակների համար»,-հայտարարել է Պատրուշեւը։