Բացահայտվել է Երեւանում օտարերկրացիների կողմից խմբի ներսում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու դեպք։ Կալանավորվել է Ուկրաինայի երկու քաղաքացի։ Այս մասին ասվում է Հայաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրոթւյան մեջ։
Երեւանի Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել եւ ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է եւ նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ նշված փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է:
Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է եւս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված եւ 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռեւս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երեւան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։