«Այնպիսի մարդիկ ինչպիսին Արարատ Միրզոյանն է, Հայաստանը տանում են փակուղի»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը եւ Հայաստանը խոսում են տարբեր լեզուներով»։
«Իսկապես, ուզում եմ ծաղրել։ Բայց ինձ թվում է, որ դա չարժե անել։ Ոչ թե այն պատճառով, որ ես չկարողացա խաղալ լեզուների մասին արտահայտության հետ: Ես կարող էի դա անել: Այլ, այն պատճառով, որ նման մարդիկ Հայաստանը տանում են դեպի փակուղի»,-նշել է Զախարովան։
Անդրադառնալով հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին Միրզոյանի տված պատասխանին, որ չի կարող կանխատեսել ապագան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այն համարել է «տարօրինակ»։
«Սովորաբար իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլ նաեւ ստեղծում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումները եւ ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը իրականության չվերածվի։ Ցավալի է լսել նրա խոսքերը, հատկապես հաշվի առնելով այսօր նշվող մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարելիցը»,-ասել է Զախարովան։