Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացիա են նախապատրաստում, հայտնում է «Интерфакс-Украина»-ն։
«Կարող եմ ասել, որ հունիսի 1-ին Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացնել 300 հազար հավելյալ զորք»,- ասել է Զելենսկին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքան մարդ է մոբիլիզացվելու ուկրաինական բանակում 2024 թվականին, Զելենսկին ասել է, որ «մեզ կես միլիոն պետք չէ»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես Զելենսկին ասել է 2023 թվականի վերջին, առաջարկել է մոբիլիզացնել 400-500 հազար ուկրաինացի։ Ուկրաինայի նախագահը չի նշել, թե ի վերջո քանի ուկրաինացի է մոբիլիզացվելու։
Զելենսկին նաեւ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն՝ ուկրաինական բանակում աուդիտ անցկացնելու համար։
«Կարեւոր է, որ նա (Սիրսկին) ուժ է գտել Ուկրաինայի Զինված ուժերում, եւ ովքեր ճակատում չեն եղել, համապատասխան թվաքանակով կլինեն ճակատում»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նախօրեին՝ մարտի 2-ին նախագահ Զելենսկին օրենք է ստորագրել զորակոչի տարիքային շեմը 27-ից 25-ի իջեցնելու մասին։ Համապատասխան օրենքը Գերագույն Ռադան ընդունել է 2023 թվականի մայիսին, սակայն Զելենսկին գրեթե մեկ տարի չի ստորագրել փաստաթուղթը։