Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Քաղաքական գործիչը միեւնույն ժամանակ, հավելել է, որ դրա համար պետք է սպասել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին։
«Այո, ես պատրաստվում եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Բայց այս ընտրություններից առաջ մեզ հաղթանակ է անհրաժեշտ»,-հայտարարել Պորոշենկոն։
Նախկին նախագահը նաեւ նշել է, որ եթե Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ապա ինքը կառաջադրվի Եվրախորհրդարանի ընտրություններին։
Ավելի վաղ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հետ զրույցում ասել էր, որ կցանկանար, որ նախագահական ընտրություններն անցկացվեին այնպես, ինչպես նախատեսված էր՝ 2024 թվականի մարտի վերջին։ Պատերազմական պայմաններում, ըստ Զելենսկու, շատ դժվար է քվեարկություն կազմակերպել բոլոր քաղաքացիների համար, ուստի ընտրությունները կանցկացվեն պատերազմական գործողությունների ավարտից հետո։
Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2019 թվականներին։ Վերջին ընտրություններում՝ 2019 թվականին, նա Վլադիմիր Զելենսկու մրցակիցն էր։ Այդ ժամանակ երկու թեկնածուներն էլ անցել էին երկրորդ փուլ։ Հաղթող էր դարձել Զելենսկին։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 75 տոկոսը։