Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Առուստամյանների՝ երկու ընտանիքից բաղկացած մեծ գերդաստանը սեփական տանիք ունի:
Ամերիկահայ բարերարը երկհարկանի առանձնատուն է գնել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, վերանորոգել, համեստ կահավորել, առաջին հարկը առանձին մուտքով Առուստամյանների կրտսեր տղայի ընտանիքին է նվիրել, երկրորդը՝ ավագի:
Գերդաստանի մայրը՝ Ալվինա Առուստամյանն իրենց գլխով անցած պատմությունն է անում, զարմանում, թե ինչպես են դիմացել, հասել Շիրակի մարզ:
Տիկին Ալվինան ինչ իրեն հիշում է, դժվարություններ է հաղթահարում: Ասում է՝ պատերազմող երկրներում երջանիկ մարդիկ չկան: Ամուսնուն 1990-ականների պատերազմում է կորցրել, միայնակ մեծացրել վեց զավակներին: Մինչեւ երեխաներին ամուսնացրել-տեղավորել է՝ կրկին պատերազմ, կրկին կորուստ. 23-ամյա թոռն է զոհվել 44-օրյա պատերազմում:
Հատիկ-հատիկ հետ գցած ապրուստն էլ կորցրել, բնավեր են եղել, եկել Հայաստան: Ամիսներ անց, արցախյան հող ու ջրի կարոտին չդիմանալով՝ վերադարձել են Ստեփանակերտ. իրենց գյուղն այլեւս չի եղել:
Դեռ նոր միջավայրին, կյանքին չսովորած՝ կրկին արհավիրք, կրկին փախուստ: Երկու զավակների ընտանիքների հետ տիկին Ալվինան Շիրակի մարզի Մայիսյան գյուղում է հաստատվում:
Մայիսյանի վարձով բնակարան հյուրեր են եկել, ասել, որ տուն են գնելու իրենց համար: «Անհավանական էր, բայց փաստորեն՝ իրական: Տունը գնեցին, նվիրեցին: Հաստատվել ենք, երեխոնցը դպրոց տվել»,-ասում է տան մեծ մայրը:
Նոր հարեւանների հետ հասցրել է շփվել, ծանոթանալ: Ասում է՝ լավն են, բայց հին հարեւաններին շատ է կարոտում: Լուր էլ չունի, թե ով որ կողմ փախավ-փրկվեց: Արցախյան համուհոտն Ախուրիկ է հասցրել. տեսակ-տեսակ թթուները հարազատ տան համն ունեն:
Տիկին Ալվինան հարեւանի բակից ավելուկի մատղաշ տերեւներ է հավաքել, խնամքով լվացել, դրել ջրքամվելու: Մեր զարմանքին՝ թե ավելուկը հիմա չեն քաղում եւ թարմ չեն ուտում, տատը ներողամտաբար ժպտում ու սկսում է սովորեցնել թարմ ավելուկ եփելու գաղտնիքը. «Ղարաբաղում բանջարը թարմ ենք եփում, այստեղ էլ եմ սովորեցրել: Կշոգեխաշես, սխտոր ու համեմ կդնես, ցանկության դեպքում էլ՝ ձու կավելացնես… Անմահական համով կերակուր է, հազար ցավի դեղ…»: Նեղսրտում է՝ Շիրակի մարզում ժենգյալ չկա, որ հավաքեր, ժենգյալով հաց սարքեր, բոլորին զարմացներ:
Իրենց բարերարի մասին շատ բան չգիտեն ընտանիքում: Միայն գիտեն, որ արտասահմանում է ապրել, անունն էլ Իվան է: Երբեմն այցելում է իրենց, վստահեցնում, որ ամեն բան լավ է լինելու։
Բարերարի՝ Իվան Արտեհճյանի մասին «Ալիք Մեդիային» տեղեկություններ հաղորդեց նրա եւ Ախուրյան համայնքի կապն ապահովող, Հայ Օգնության Միության անդամ Հռիփսիմե Նահապետյանը: Նա պատմեց, որ բարերարը տարիներ առաջ թողել ԱՄՆ-ի անհոգ կյանքն ու վերադարձել է հայրենիք՝ բարեգործություն անելու նպատակով:
Արհտեճյանը բազմաթիվ ընտանիքների կողքին է եղել, լուծել նրանց սոցիալական, առողջապահական բազմաթիվ խնդիրները:
Ղարաբաղյան դեպքերից հետո էլ բարերարի ուշադրության կենտրոնում են հայտնվել տեղահանված արցախցի ընտանիքները: Առուստամյանները միակ ընտանիքը չեն, որ տան տեր են դարձել: Համայնքի այլ գյուղերում նույնպես 5-6 տուն, հողամաս է գնել, նվիրել:
Հռիփսիմեն ասում է՝ բարերարի այս քայլը վարակիչ է դարձել ՀՕՄ-ի համար. Միությունը «Հույսի կամուրջ» անունով նոր ծրագիր է մեկնարկել, որը կկամրջի օվկիանոսից այս եւ այն կողմ գտնվող հայրենակիցներին՝ պարգեւելով նոր տներ ու ապրելու հույս:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։