Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Այս մասին ասվում է հանդիպման մասին ՀՀ կառավարության հայտարարության տեքստում։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին եւ առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ եւ ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն:
Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ քայլերին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Նա կարեւորել է նաեւ միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը եւ ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր: