Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ապրիլի 5-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մորոզովսկի ռազմական օդանավակայանի վրա, այս մասին հայտնում են ուկրաինական Hromadske պարբերականի աղբյուրները, որոնց անունները չի նշվում։
Նրանց տվյալներով՝ հարձակման հետեւանքով ոչնչացվել է առնվազն վեց ռուսական ռազմական ինքնաթիռ, եւս ութին պատճառվել է «զգալի վնաս»։ Պարբերականի զրուցակիցները նաեւ պնդում են, որ հարձակման ժամանակ շուրջ 20 ռուս զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։
Hromadske-ն գրում է, որ օդանավակայանի վրա հարձակումը կազմակերպել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները եւ ուկրաինացի զինվորականները։ Այս մասին հայտնում են նաեւ «РБК — Украина»-ի աղբյուրները։ Պարբերականի համաձայն՝ օդանավակայանում տեղակայված են եղել Су-24, Су-24М եւ Су-34 կործանիչներ, որոնք ռուսական բանակը օգտագործում էր Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի եւ առաջնագծին մոտ գտնվող քաղաքների վրա գրոհելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել օդանավակայանի վրա հարձակումը, ռուսական ինքնաթիռների ոչնչացումը կամ խոցումը։
ՌԴ ՊՆ-ն ապրիլի 5-ին հայտնել էր, որ միայն Ռաստովի շրջանում գիշերը խոցվել է ավելի քան 44 ուկրաինական ԱԹՍ։