ԵՄ-ն որպես աջակցություն Երեւանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը։
«Նախորդ հոկտեմբերին մենք խոստացել էինք կողք-կողքի կանգնել Հայաստանի հետ եւ մեր համագործակցության համար տեսլական մշակել։ Այսօր կատարում ենք այդ խոստումը։ Սա Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսլականն է՝ առաջիկա չորս տարում 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն երկիր: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր եւ միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում»,-ընդգծել է Լայենը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը ողջունել է նաեւ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ հավելել, որ ԵՄ-ն կդիտարկի նաեւ վերսահմանային բեռնափոխադրումների հարցը, երբ պայմանները թույլ տան։
ֆոն դեր Լեյենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը՝ չնայած երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, եւ հաստատել է, որ «ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրում շարունակվող բարեփոխումներին խորհրդակցությունների, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով»։
«Մենք շարունակելու ենք միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկաս տարածաշրջանում»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։