Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Արտաքին քաղաքակնության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերի ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել՝ Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը աջակցություն ցուցաբերելու մասին։
Դրանում մասնավորապես ասվում է․
«Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի եւ տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը եւ մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առեւտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։
Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության եւ արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, եւ հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը եւ աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին եւ սկզբունքներին համահունչ:
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու եւ բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն եւ Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին եւ վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։
Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը եւ տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրի դիվերսիֆիկացումը:
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առեւտուրը եւ ամրապնդել տնտեսական եւ ինստիտուցիոնալ դիմակայունությունը։
Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության եւ աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:
«Հայաստանի դիմակայունության եւ աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առեւտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաեւ աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առեւտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչեւ ավիացիոն անվտանգություն:
Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաեւ 2021 թվականին մեկնարկած Տնտեսական եւ ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր եւ հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական եւ ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության եւ աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային եւ էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական եւ ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե եւ երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաեւ կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:
Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առեւտրի դիվերսիֆիկացումը եւ դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առեւտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման եւ տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի եւ ապահով էներգետիկ ապագային եւ աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը եւ ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը եւ չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։
Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց եւ փախստականներին աջակցելու եւ սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ եւ հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, եւ ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։
Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական եւ 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ եւ սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու եւ աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության եւ աճի» ծրագիրը կներառի նաեւ տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական եւ սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։
Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին եւ փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն եւ ժամանակավոր ապաստան եւ այն կշարունակի արձագանքել տեղահանվածների եւ փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների եւ ենթակառուցվածքների վրա ճնշումը եւ կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։
Բարգավաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները եւ ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը եւ բարգավաճմանը»: