Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող ատոմակայանի վրա անօդաչու սարքերի հարձակումների արդյունքում վնասվել է կայանի վեց ռեակտորներից մեկը, սակայն միջուկային անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ չկան: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հաղորդագրության մեջ։
ԱԷՄԳ -ի հաղորդագրությունը մասնավորապես վերաբերում է ատոմակայանի վեցերորդ էներգաբլոկին, որտեղ նաեւ նշվում է տուժած մեկ աշխատակցի մասին։ Չնայած փորձագետների կարծիքով ատոմակայանին անմիջական վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ հաղորդագրության մեջ հարձակումը ներկայացնում են որպես «լուրջ միջադեպ, որը կարող է խաթարել ռեակտորի պաշտպանական համակարգի ամբողջականությունը»:
IAEA experts confirmed physical impact of drone attacks at ZNPP today, incl. at 1 of its 6 reactors.
One casualty reported. Damage at unit 6 has not compromised nuclear safety, but this is a serious incident w/ potential to undermine integrity of the reactor’s containment system. pic.twitter.com/FvMsb4I4vs— IAEA — International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) April 7, 2024
Ռաֆայել Գրոսսին՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը, X-ի իր էջում գրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող գործակալության առաքելությունը արձանագրել է առնվազն «երեք ուղիղ հարված ռեակտորի պաշտպանական համակարգին»: Սակայն, Գրոսսին չի ընդգծել թե հակամարության կողմերից ով կարող է հասցրած լինել հարվածը։
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը այսօր՝ ապրիլի 8-ին հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների մեջ, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել։
«Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանի ապօրինի օկուպացրած Զապորոժիեի ատոմակայանի տարածքում որեւէ ռազմական սադրանքների մեջ։ Ագրեսոր պետությունը կրկին վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտը, ողջ Եվրոպայի խաղաղ բնակչությանը եւ շրջակա միջավայրը։ Ռուսական հարվածները, մասնավորապես՝ ուկրաինական ատոմակայանի տարածքում, ինչպես նաեւ այնտեղ զորքերի եւ ռազմական տեխնիկայի տեղակայումը, Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտների ականապատումը վաղուց է ինչ օկուպանտների հայտնի եւ մշտական հանցավոր պրակտիկան է դարձել»,- «Украинская правда»-ին տված մեկնաբանությունում ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։