Արդյո՞ք Հայաստանը շարժվում է դեպի Արեւմուտք եւ արդյոք Արեւմուտքը պատրա՞ստ է ընդունել Հայաստանին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից առաջ ես գրել էի, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ օրակարգ եւ կարող է մասնակցել միայն առանձին ծրագրերի։
Նույնը վերաբերում է Եվրամիությանը։ Հայաստանը ցանկանում է ավելի սերտ կապեր, սակայն, կարծես, վճռական չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) ու Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու եւ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու հարցում։
Թվում է, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ՆԱՏՕ-ն չեն ցանկանում ողջունել Հայաստանի՝ իրենց գիրկը նետվելը կամ գոնե ձեռնպահ են մնում այդ մասին բացահայտ հայտարարելուց՝ Հայաստանին չվտանգելու համար։
Վերջին շրջանում Հայաստանում քննարկումների հիմնական թեման եղել է երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ պոտենցիալ ինտեգրումը եվրոպական բլոկին։ Դրանք ակտիվացան Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրերից հետո։
Սկզբում հայաստանյան արեւմտամետ խմբերը մեծ հույսեր էին կապում հանդիպման հետ, բայց երբ պարզ դարձավ, որ հասարակության ակնկալիքները չեն արդարանալու, եղավ մի տեղաշարժ՝ նսեմացնելու Արեւմուտքի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի նշանակությունը:
ԵՄ-ն կարող է առաջարկել որոշակի տեսակի ոչ մահաբեր ռազմական աջակցություն, բայց չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Արեւմուտքը չի կարողանում անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին եւ կարող է միայն օգնություն առաջարկել։
Պատճառները տարբեր են՝ ներառյալ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունները (առնվազն իրավական առումով)։
Բրյուսելյան հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ նրանք, ովքեր կարծում էին, որ մեծ ակնկալիքներ ունենալն անհիմն է, ավելի ճշգրիտ էին իրենց գնահատականներում։ Քաղաքական լուրջ պայմանավորվածություններն ու ձեռքբերումները բացակայում էին։
Եվրոպական ինտեգրման հարցում Հայաստանի առաջընթացը մատնանշող հայտարարությունների պակաս կար։ Փոխարենը ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է 65 մլն դոլարի ֆինանսական աջակցություն, իսկ Եվրամիությունը 270 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է խոստացել։
Ակնհայտ էր, որ Արեւմուտքը չունի հստակ ռազմավարություն Հայաստանի վերաբերյալ։
Հիմնական ուղերձն այն էր, որ թեեւ Արեւմուտքը պատրաստ է աջակցելու, այն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Ուստի Հայաստանը պետք է աշխատի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ ապագա հարձակումները կանխելու համար։
Փաստորեն, այս հանդիպումից հետո Հայաստանն ավելի ծանր վիճակում է հայտնվել։ Արեւմուտքը հստակեցրել է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ եւ հստակ ներկայացրել իրերի դասավորությունը։ Այս իրողության շեշտադրումն էականորեն բարդացնում է Հայաստանի ներքաղաքական եւ անվտանգային իրավիճակը։
Եթե մինչ այս հանդիպումն Արեւմուտքը կարող էր որոշակի զսպաշապիկ լինել Ադրբեջանի համար, այժմ զսպման այդ մեխանիզմներն ավելի թույլ եւ փխրուն են։ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական զինուժի վերջին հարձակումները բրյուսելյան հանդիպումից հետո դրա վկայությունն են։
Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է շարունակի իր աշխատանքը արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ, բայց պետք է հստակ հասկանա, թե Արեւմուտքը որտեղ կարող է օգտակար լինել, եւ որտեղ չի կարող աջակցություն ցուցաբերել։
Այսինքն՝ Հայաստանը չպետք է մեծ ակնկալիքներ ձեւավորի եւ հետո հիասթափվի։ Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ արտաքին քաղաքականություն։ Սա է պակասում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։
Սուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյանը ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ եւ հետազոտող է, Երեւանում գործող Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիրը։