Վրաստանի խորհրդարանի բյուրոն քննարկման համար գրանցել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որը կսկսվի ապրիլի 12-ի առավոտյան՝ իրավական հանձնաժողովի նիստում։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները եւս մեկ անգամ պարզաբանեցին, որ նախագիծը վերջնականապես կընդունվի մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը։
Միեւնույն ժամանկ քննարկվում են «Հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի այլընտրանքային նախագծերը։
Այլընտրանքային օրինագծի համաձայն՝ փոփոխություններ պետք է կատարվեն դրամաշնորհների ստացման կարգի եւ հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների մասին օրենքներում։
Եվս մեկ այլընտրանքային օրինագիծ են ներկայացրել «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները եւ ոչ անկախ պատգամավոր Թեոնա Ակուբարդիան։ Այս նախագիծն էլ նախատեսում է «պաշտպանություն բռնազավթող պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից»։
«Պետք է բացահայտել Վրաստանի թշնամուն»,- պարզաբանում է «Հանուն Վրաստանի» քաղաքական խմբի նախագահ Բեկա Լիլուաշվիլին։
«Խոսքը [արտաքին ազդեցության թափանցիկության մասին] օրինագծի մասին է, որը հարյուր հազարավոր մարդիկ միանգամայն իրավացիորեն անվանեցին ռուսական օրենք։ Դուք այս օրենքը անվանում եք եվրոպական, ձեզ բերում են Ֆրանսիայի օրինակը, որտեղ քննչական հանձնաժողովը ուսումնասիրել է տարբեր միջամտությունների օրինակը… Ռուսաստանը արեւմտյան ժողովրդավարության գլխավոր սպառնալիքն է։ Սա Գլխավոր ասամբլեայի հետաքննող հանձնաժողովի զեկույցն է, որի հիման վրա Ֆրանսիան ընդունում է այդ օրենքը։ Մենք ունենք պատմական թշնամի` օկուպանտ»,- հայտարարել է Լիլուաշվիլին։
Միեւնույն ժամանակ, Բյուրոյի նիստը տեղի է ունենում խորհրդարանի մոտ լրագրողների եւ ակտիվիստների հանրահավաքի ֆոնին, որոնք դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։
Նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեի խոսքով, եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով, նախագահը կօգտագործի սահմանադրությամբ տրված լիազորությունները եւ վետո կդնի դրա վրա։