Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի պաշար պատրաստել եւ դեֆիցիտի դեպքում այն իրեն մատակարարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արդյունաբերության ոլորտի բարձրաստիճան երեք աղբյուրների, որոնց անունները չի նշվում։ Նրանցից մեկը նույնիսկ ընդգծել է, որ գործարքը արդեն համափայնեցված է։
Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական Շինգիս Իլյասովը լրագրողներին հայտնել է, որ գերատեսչությունը նման հարցում չի ստացել։ ՌԴ էներգետիկայի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության համար Reuters-ի հարցմանը։
Գործակալությունը նշում է, որ մարտի վերջի դրությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետեւանքով շարքից հանվել է Ռուսաստանի նավթի առաջնային վերամշակման հզորության մոտ 14 տոկոսը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Ռյազանի, Կույբիշեւի, Սիզրանի եւ Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանները կրճատել են իրենց գործունեությունը։
Արդյունքում, մարտի վերջին շաբաթվա դրությամբ Ռուսաստանում բենզինի օրական միջին արտադրությունը կազմել է 110,7 հազար տոննա՝ փետրվարի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 12 տոկոսով։
Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից արգելել է բենզինի արտահանումը։ Սահմանափակումները կգործեն վեց ամիս եւ չեն տարածվի ԵԱՏՄ երկրների, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ նախապես համաձայնեցված մատակարարումների վրա։