«Վաշինգտոն փոստը» վկայակոչում է ինքնությունը բացահայտել չցանկացած վստահելի աղբյուրի, ով ասել է, որ տեւական առանձնազրույցներ է ունեցել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ եւ կարող է նրա անունից ասել, թե ինչ ծրագիր ունի Ուկրաինայի հարցում:
Ըստ այդմ, նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Թարմփը «Կիեւին կհամոզի, որ հրաժարվի Ղրիմի եւ Դոնբասի նկատմամբ հավակնությունից, եւ պատերազմը նույն պահին կդադարի»:
Որքանո՞վ է վստահելի այս տեղեկատվությունը, դժվար է ասել:
Հայտնի է, որ մի քանի ամիս ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական մեծամասնությունը շարունակաբար հետաձգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի հատկացման օրինագծի քվեարկությունը, ինչի հետեւանքով ռուս-ուկրաինական ճակատում նախաձեռնողականությունը գրեթե լիովին անցել է Ռուսաստանին: Ռազմական փորձագետները կանխատեսում են ռուսական նոր հարձակում, ուկրաինական տարածքների կորուստներ:
Այս իրավիճակում անվտանգության ի՞նչ «բարձիկ» կարող է լինել ԱՄՆ-Եվրոմիություն-Հայաստան խորհրդաժողովը: Հատկապես որ Եվրոխորհրդարանի ընտրություններ են սպասվում, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր Եվրահանձնաժողովը «ձեռք բերված պայմանավորվածություններին» հավատարիմ կմնա կամ աշնանը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը չի հաղթի:
Հայաստանի շուրջ մթնոլորտի գնահատման հարցում մենք սովորաբար առաջնորդվում ենք Ռուսաստանի «դավաճանության» եւ Արեւմուտքի «հայամետության» կանխավարկածով: Դերերի ընկալումը կարող է փոխվել, բայց դա էական նշանակություն չունի: Խնդիրը, մինչդեռ, շահերի համընկնման կամ հակադրության մեջ է:
Ըստ տրամաբանության՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում պետք է հակառակ ճամբարում լինեին: Առերեւույթ այդպես է, Բաքուն ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, բայց հայտարարությունից անդին կա իրական քաղաքականություն, որտեղ Մոսկվայի եւ Բաքվի շահերը համընկնում են։
Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայի սահմանները (1991-i դրությամբ), Ադրբեջանը՝ Հայաստանի: Ընդ որում, ինչպես ակնհայտ դարձավ իր պատասխանատվության գոտու մասին ՀԱՊԿ-ի մեկնաբանությունից, Մոսկվան նույնպես համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է, քանի դեռ այն Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ»:
Նման իրավիճակում ակնկալելը, թե հայ-ադրբեջանական որեւէ համաձայնագիր մոտակա ամիսներին հասանելի է լինելու, չափազանցված լավատեսություն կամ ավելի ճիշտ՝ վտանգավոր մոլորություն է: Բաքուն ոչ մի շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ 1991-ի իրողություններով սահմանազատում իրականացնելու:
Ընդսմին, այստեղ ոչ այնքան էական է հնարավորությունը, որ ներկայիս շփման գիծը կարող է որպես Հայաստան-Ադրբեջան սահման հաստատվել, այլ՝ քաղաքական կորուստը. Ալմա-Աթայի հռչակագիրը Ադրբեջանական ԽՍՀ-ն է ճանաչել Ադրբեջանի Հանրապետություն, իսկ այնտեղ կա Ինքնավար Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանը ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի մաս, հայ բնակչությունն այնտեղից բռնագաղթված է՝ դա այսօրվա իրավիճակն է: Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքվի աշխարհաքաղաքական հաշվարկը, ինչպես Ռուսաստանում, կառուցված է Թրամփի վերադարձի հավանականության վրա:
Եվրոմիության դերակատարությունն այստեղ սկզբունքային չէ: Եւ, թերեւս, դրանով է պայմանավորված Ֆրանսիայի ակտիվությունը, որը փորձում է մինչ այդ, մինչ Պուտին-Թրամփ գլոբալ համաձայնության կայացումը, ինքնուրույն դերակատարություն ստանձնել: Նույն հավակնություններն ունի նաեւ Թուրքիան:
Միանգամայն բնական է եւ պահանջված, որ Հայաստանում «արեւմտյան կողմնորոշման» նկատմամբ ոչ միայն փորձագիտական անվստահություն, քաղաքական դեմարշ, այլեւ հանրային կասկածամտություն կա:
Ի վերջո, քառասունչորսօրյա պատերազմն սկսվել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների փուլում: Եւ բոլորիս հիշողության մեջ դաջված է Դոնալդ Թրամփի «հուդայական» խոսքը, թե կարծում է, որ «հայերը կդիմանան»:
Քառամյա շրջապտույտից հետո իրավիճակը, հավանաբար, կրկին կախված է ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքից: Եւ այստեղ միանշանակ «խաղադրույք դնելը» խնդրահարույց է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։