Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Հեռախոսազրույցի մասին Կառավարության կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին անդրադառնալիս, ըստ հաղորդագրության, Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաեւ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա:
«Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքներն աղավաղելու ցանկացած փորձ»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ վարչապետը կանցլեր Շոլցին նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար: