Ուրալ գետի մակարդակը Օրենբուրգում բարձրացել է մինչեւ 931 սանտիմետր՝ գերազանցելով վտանգավոր աստիճանը, այս մասին ասել է Օրենբուրգի մարզպետ Դենիս Պասլերը։
«Կոչ եմ անում զգույշ լինել եւ արագ տարհանվել հեղեղված տարածքներից»,-ընդգծել է մարզպետը։
Օրենբուրգի նահանգային վարչակազմի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ գետի մակարդակի մոտ 930 սանտիմետրը արդեն համարվում է վտանգավոր։ Հաղորդվում է, որ ջրհեղեղի գոտին ներառում է Ֆորշտադտ շրջանը, Կուզնեչնի, Սիցովկա, Պրիստանցիոնի, Զարեչնի, Պոդմայաչնի, Սոլնեչնի, Օվչիննի ավանները, Կույբիշեւ գյուղը եւ Գրանդ Պարկ բնակելի համալիրը:
Քաղաքի բնակիչներին անսպասելի ջրհեղեղի սպառնալիքի մասին իշխանությունները զգուշացնում են հեռուստատեսության հաղորդագրությունների եւ բարձրախոսների միջոցով։
Օրենբուրգի մարզում գարնանային վարարումների պատճառով ապրիլի 4-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Ամենաշատ տուժած քաղաքներից է Օրսկը, որտեղ ապրիլի 5-ի երեկոյան քանդվել էր հողային պատվարը՝ դամբը։
ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ Օրենբուրգի մարզում ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար տուն եւ 13 հազար մշակելի հողատարածք, ջրհեղեղի գոտուց տարհանվել է 6,5 հազար մարդ։
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղներից տուժել են Ռուսաստանի 37 շրջաններ։ Բացի Օրենբուրգի մարզից, արտակարգ դրություն է հայտարարվել Կուրգանի եւ Տյումենի մարզերում։ Իսկ Կուրգանի մոտ գտնվող Զվերինոգոլովսկի շրջանում հարկադիր տարհանում է հայտարարվել։
ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը երկրում լայնածավալ ջրհեղեղի հիմնական պատճառները անվանել է հողի սառցակալումը, մեծ քանակությամբ ձյան տեղումները, հանկարծակի տաքացումը եւ տեղումները։