Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար եւ Ադրբեջանի Շեյխ ալ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ «ռեվանշիզմ» է քարոզում։
Այս մասին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տարեվերջին Բաքվում սպասվող կորնական առաջնորդների հանդիպմանը հրավիրվելու է նաեւ Գարեգին Բ-ն։
«Ժամանակին ես նրան հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովին։ Այսօր հայ եկեղեցին ողջ աշխարհում իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ռեւանշիզմ է քարոզում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան հրավիրեցինք ընդունելու դա։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,-ասել է Փաշազադեն։
Նա նաեւ հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քանդում է եկեղեցիները, դրանք անվանելով «զրպարտանք»։
Նախօրեին Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ երկրի իշխանություններին մեղադրում էին Ադրբեջանից հնչող սպառնալիքներին տեղի տալու եւ Տավուշի մարզից տարածքներ զիջելու պատրաստակամության մեջ։
«Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը եւ դատապարտելի հավակնությունները»,-ասվում է հայտարարության մեջ: