Ինչո՞ւ հանկարծ չորս գյուղի հարց մեջտեղ եկավ։ Անգամ 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանում ներքին անկայունություն ու շոկ էր, նման հարց չէր բարձրացվում։
Ինչո՞ւ, ուրեմն, հիմա սահմանագծի չորս գյուղեր Ադրբեջանին փոխանցելու «անխուսափելիություն» առաջացավ, ինչպես ներկայացնում է իշխանությունը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն օրուգիշեր սկսեց ծածանել 1991-ին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագիրը։ Փաշինյանն այդ փաստաթուղթը մեջտեղ բերեց բացառապես պատասխանատվությունը «նախկինների» վրա գցելու միտումով, որովհետեւ դարձել էր Հայաստանի առաջին ղեկավարը, որն անվերապահորեն ընդունել էր արցախյան հիմնահարցի կարգավորման հիմքում բացառապես տարածքային ամբողջականությունը դնելու Ադրբեջանի պահանջը՝ 2022-ին Պրահայում ստորագրելով հայտնի հայտարարությունը։
Առանց մանրամասների մեջ խորանալու էլ, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ կերպ չէր կանխորոշում արցախյան հիմնահարցի լուծումը, այլապես Ադրբեջանն ի՛նքը դա վաղուց մեջտեղ բերած կլիներ։ Դա Փաշինյանին պետք էր մանիպուլացիայի դաշտ մտնելու, եւ այնտեղ պատասխանատվության սլաքներն իրենից հեռացնելու համար։
Պրահյան հայտարարությունը վերացրեց կողմերի միջեւ վեճի գլխավոր առարկան, Ալմա-Աթայի հռչակագիրն էլ, ահա, վերացնում է վեճը չորս գյուղերի պատկանելության շուրջ. թե՛ Ադրբեջանը, եւ թե՛ Հայաստանը պնդում են, որ այդ գյուղերը պատկանում են Ադրբեջանին։ Եվ քանի որ այստեղ վեճ չկա այլեւս, Ադրբեջանը պահանջում է իրեն փոխանցել «իր տարածքները»։
Նույն Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով Հայաստանը պնդում է, թե Ադրբեջանն օկուպացրել է 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքներ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դա։
Իշխանության պնդումը, թե գյուղերն Ադրբեջանին փոխանցելով այդ հատվածում կունենանք սահմանազատված սահման, պարզ խաբեություն է, որովհետեւ սահմանազատումը ենթադրում է փոխադարձաբար ընդունելի որեւէ հիմք, այնինչ, ինչպես պնդում է նույն իշխանությունը, Ադրբեջանը հակված չէ սահմանազատում իրականացնելու Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով։
Ալիեւը չի ասում՝ տվեք այդ գյուղերն, ու մեր սահմանը կանցնի այդտեղով, այլ ասում է՝ տվեք գյուղերը, հետո կտեսնենք։
Իրականում այդ գյուղերը ոչ թե ինչ-որ տարածքներ են, կամ ինչպես իշխանական քարոզիչներն են ասում՝ ավերակներ, այլ լծակ ՀՀ ձեռքում՝ սահմանազատման սկզբունքները համաձայնեցնելու ճանապարհին։
Փաշինյանի արկածախնդրության արդյունքում Հայաստանը կորցրել է ազդեցության գրեթե բոլոր լծակները։ Իշխանությունը ե՛ւ հայտարարում է, թե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման հիմքը, ե՛ւ ընդունում է, որ հարեւան երկիրը դուրս չի գալու մեր տարածքներից, ե՛ւ պնդում է ինչ-որ գյուղեր Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դա պատերազմի կանխման երաշխիք չէ։
Այսինքն, խոսքը ոչ թե սահմանազատման կամ ինչ-որ բան տալ-չտալու մասին է, այլ՝ լծակի նվիրաբերության, որի «անհրաժեշտությունն» առաջացել է մեկ անձի՝ պատասխանատվությունից խուսափել չդադարող քայլերի արդյունքում։
Առանցքային հարցերի շուրջ հաճախ փոփոխվող դիրքորոշմամբ, երեկ «ռուսամետ», այսօր «արեւմտամետ» Փաշինյանն իրականում զուտ ինքնամետ է։ Չկա քաղաքական կամ բարոյական որեւէ կարմիր գիծ։ Նրա կառավարման վեցամյակը հուշում է, որ երբ Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանից» կամ ինքնիշխանությունից, պետք է պատկերացնել հնարավոր ամենավատ սցենարը եւ վստահ լինել, որ նա իր քայլերով տանում է է՛լ ավելի վատ սցենարի։