Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմական հռետորաբանությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանիներում իրավիճակի սրման մասին հարցին։
«Կոչ ենք անում կողմերին նվազեցնել ռազմական հռետորաբանության ինտենսիվությունը։ Մենք կարծում ենք, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները, առանց բացառության, պետք է լուծվեն քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով, սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մեր կողմից մենք պատրաստ ենք նպաստել դրան»,-հայտարարել է Զախարովան։
Նա նաեւ հավելել է, որ Մոսկվան համառորեն կոչ է անում վերականգնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային հարցերով եռակողմ ձեւաչափը։