Թեհրանը ուղերձ է փոխանցել Վաշինգտոնին, որն պատրաստակամ է հրաժարվել Իսրայելի դեմ պատասխան գործողություններից՝ Գազայում հրադադար հաստատելու դիմաց։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Ահբար» թերթը՝ վկայակոչելով Օմանի դիվանագիտական աղբյուրներին, որտեղ ապրիլի 7-ին բանակցություններ էին ընթացել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ Օմանի իր գործընկեր Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի միջեւ։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ Թեհրանի ուղերձում պատրաստակամություն է հայտնվել «Իսրայելի դեմ պատասխան գործողություններ չձեռնարկել Դամասկոսում իրանցի յոթ ռազմական խորհրդականների սպանությունից հետո՝ Գազայի հատվածում զինադադար հաստատելու եւ Ռաֆահում գործողությունը իրականացնելուց հրաժարվելու դիմաց»։
Թեհրանը եկել է այն եզրակացության, որ Իսրայելը, որը ըստ աղբյուրների, Գազայի հատվածում հայտնվել է փակուղում, «նոր ճգնաժամեր է հրահրում եւ փորձում է Իրանին եւ Ամերիկային ուղղակի առճակատման ներքաշել», գրում է Al Ahbar-ը։
Ինչպես նշում է թերթը, ամերիկյան կողմը դեռ չի արձագանքել իրանական կողմի առաջարկին։ 2023 թվականի հոկտեմբերին տարածաշրջանում իրավիճակի սրումից հետո Օմանի սուլթանությունը կարեւոր միջնորդական դեր է խաղացել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ։
Al Ahbar-ը գրում է, որ հունվարին Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են Մասքատում, այդ ժամանակ ամերիկացի դիվանագետները հույս են հայտնել, որ Թեհրանը ճնշում կգործադրի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա եւ կստիպի նրան համաձայնել Կահիրեի բանակցությունների ժամանակ Վաշինգտոնի կողմից առաջարկված հրադադարի պայմաններին: