Երեւանում ընթանում է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից` իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովը:
Համաժողովին ներկա են Հայաստանի կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, փորձագիտական շրջանակներ եւ այլք, ինչպես նաեւ Վրաստանից ներգրավված փորձագիտական խումբ։ Տեսաուղերձով հանդես է եկել նաեւ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր ելույթում նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, միաժամանակ ռազմավարական գործընկերության համատեքստում դեռ շատ անելիք կա։ Ըստ նրա՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա հարաբերություններին պետք է միս ու արյուն տալ. դրանք այժմ շատ բարձր մակարդակում են:
«Իմ կարծիքով, վերջին տարիներին այս երկրների միջեւ հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, տրանսֆորմացիա են ապրել։ Նախկինում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններն առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքով, իսկ այսօր տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկրների կառավարություններն էլ քաղաքական կամք ունեն միմյանց օգնելու եւ միասին ճանապարհ անցնելու»,- նշել է ՀՀ արտգործնախարարի տեղակալը:
Կոստանյանը նաեւ ընդգծել է, որ տնտեսական հարաբերություններն ու մարդկանց միջեւ շփումները շատ ավելի ցածր մակարդակի վրա են։ Նմանատիպ հարաբերությունները, ըստ նրա՝ չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին. «Դեռ բավականին շատ անելիք կա, որպեսզի հնարավոր լինի բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները»:
Կոստանյանը շեշտել է, որ փորձագիտական հանրությունը պետք է ամեն բան անի, որպեսզի երկու երկրների կառավարություններին էլ օգնի զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, երկու երկրների հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ մեր ժողովրդի առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ինչը, ըստ Հարությունյանի՝ ամուր հիմք է, որի վրա կառուցված են երկու երկրների հարաբերությունները, եւ որը պետք է ամրապնդել ու զարգացնել:
Նա եւս մեկ անգամ շնորհավորել է Վրաստանի գործընկերներին եւ վրաց ժողովրդին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առիթով՝ հույս հայտնելով, որ այդ իրադարձությունը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը:
«Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցության առանցքը արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ օրենքի անվերապահ գերակայությանը: ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, օրակարգում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը»,- ասել է Հարությունյանը:
Համաժողովի ընթացքում տեսաուղերձով հանդես է եկել նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան: Դարսալիան ընդգծել է՝ Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Վրաստանի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում։
«Թբիլիսին նաեւ հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղ համակեցության օգտին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ»,- ասել է Դարսալիան:
Դարսալիան հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան:
Ըստ Դարսալիայի՝ Վրաստանը Եվրամիության հետ հարաբերվելու մեծ փորձ ունի, եւ, այդ առումով պատրաստ է իր փորձը փոխանցել հայ գործընկերներին: