Եթե այդպիսի արտառոց բան է տեղի ունեցել, որ հայկական հասարակության մեջ կարեւորագույն դեր խաղացող ղեկավարները, անկախ նրանից, թե քաղաքական առումով մենք իրենց ինչպես ենք գնահատում եւ վերաբերվում, հայտնվել են օտարի բանտում, ապա, ես կարծում եմ, որ նրանց ազատելու գործողությունները պետք է լինեն ոչ միայն դիվանագիտական առանձին խողովակներով, այլեւ հրապարակային:
Նրանց անուններն անընդհատ պետք է տրվեն, անունները պետք է անընդհատ հնչեցվեն. կրկնեմ՝ դա բոլորովին կապված չէ նրա հետ, թե նրանցից յուրաքանչյուրին ինչպե՞ս եք քաղաքական տեսանկյունից գնահատում:
Վերջին շրջանում ես Հրանտ Մաթեւոսյանի տեքստերի հետազոտության մեջ, այսպես ասեմ՝ շատ խրված եմ, եւ իր մոտ մի զարմանալի օրինակ գտա։ Նա պատմում է, որ երբ թուրքերը Սալոնիկում շրջափակման վտանգի տակ էին, իրենց միակ ռազմանավն օգտագործեցին ոչ թե նրա համար, որ գնան զենք բերեն կամ այլ մի բան, այլ, որպեսզի իրենց մոտ գերեւարված սուլթանին այդ նավով փախցնեն Ստամբուլ, որպեսզի նա հակառակորդի ձեռքը չընկնի:
Որովհետեւ, սուլթանը, թեեւ իրենց քաղաքական հակառակորդն էր, բայց նա իրենց ներքին հակառակորդն էր ու իրենց քաղաքական հակառակորդը չպիտի ընկներ արտաքին թշնամու ձեռքը. դա իրենց արժանապատվության խնդիրն էր: Ես կարծում եմ, այս զգացողությունը մենք էլ պետք է ունենանք եւ պետք է գործենք այդ ուղղությամբ:
«Առավոտ» օրաթերթ
9 ապրիլ, 2024