Իշխանությունը միանշանակ մեր աղետների առաջին մեղավորն ու պատասխանատուն է, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանալ ընդդիմությանը: Հենց ընդդիմության սխալների պատճառով է, որ Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է։
Հետխորհրդային տարածքի ավտորիտար կամ ոչ լիբերալ ժողովրդավարական համակարգի երկրներում օրինաչափ է պառլամենտարիզմի, կուսակցությունների ինստիտուտի թերի զարգացվածությունը: Նմանատիպ երկրներում կուսակցությունները հիմնականում անձնավորված են կամ «մարդ-կուսակցություններ» են:
Դրանցից շատերն այն աստիճան ցածր մակարդակի են, որ կարելի է նրանց նույնիսկ կոչել մարգինալ:
Հայաստանում իհարկե կա ոչ անձնավորված կուսակցություն`ՀՅԴ-ն, որը նաեւ ինստիտուցիոնալ առումով բավականին զարգացած է (ՀՀԿ-ն նույնպես), սակայն նոր ընդդիմադիր հարթակի կարիք կա, որը զուրկ կլինի լեգիտիմության ցածր մակարդակ ունեցող գործիչներից:
Թեեւ ընդդիմության համախմբման որոշ նախադրյալներ ամիսներ շարունակ արդեն երեւում են, սակայն կարծես այդ ընթացքը շեղվել է ճիշտ ուղղուց:
Նոր ձեւավորվող ընդդիմադիր կուսակցությունները անձնավորված են։ Ռեսուրսների պակաս կա, առաջնորդների նարցիսական եւ շահախնդիր վարքագիծը եւս խնդիր է։
Այդ ուժերն այսօր սին խոստումներով խաղում են երիտասարդության ձգտումների հետ եւ փորձում քաշել իրենց կողմը, թեեւ վերջիններս չեն էլ պատկերացնում, թե որտեղ եւ ինչի համար են մտնում:
Օրինակ՝ ես անձամբ դեմ եմ կուսակցականացված որեւէ պայքարի, քանի որ ընդդիմադիր նոր հարթակը պետք է լինի ապակուսակցական, որպեսզի կասկածի տակ չդրվի դրա անաչառությունը, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին կհաղթի բոլորին:
Խնդիր է նաեւ այն, որ ընդդիմության խոսույթի մեջ գերակա են արտաքին քաղաքականության տեսլականները, սակայն ոչ ոք չի ասում, թե ինչ է լինելու ներքին կյանքում Փաշինյանի հեռացումից հետո։
Փաշինյանը ՀՀ պատմության վատագույն ղեկավարն է, սակայն եթե ընդդիմությունը այսպես շարունակի, ապա նրա հետ կկիսի մեղքի ամբողջ բաժինը: Ընդդիմությունը զբաղված է զուտ ջրցանությամբ եւ ընդհանուր առմամբ մարգինալ է:
Կարծես մեր ընդդիմության մեծ մասը սպասում է հարմար այն պահին, թե երբ Նիկոլ Փաշինյանն ի կատար կածի իր առաքելությունը եւ արդեն Մոսկվայից, Անկարայից, Վաշինգտոն-Բրյուսելից ընծաներով կընտրվի Հայաստանի նոր թագավոր:
Արմեն Մկրտչյան