Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը առանց Ռուսաստանի անիմաստ է եւ ըստ էության «իզուր իրականացվող գործընթաց է»։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հունիսին ուկրաինական խաղաղության բանաձեւի շուրջ համաժողով անցկացնելու Շվեյցարիայի նախաձեռնության մասին TACC-ի հարցին։
«Նախ պետք է հասկանալ, թե այնտեղ ինչի մասին է խոսքը, ինչի մասին է խաղաղության բանաձեւը։ Սա առաջին։ Երկրորդ՝ մենք բազմիցս ասել ենք, որ իհարկե, առանց Ռուսաստանի բանակցային գործընթացն անիմաստ է եւ, ըստ էության, իզուր իրականցվող գործընթաց»,-ասել է Պեսկովը։
ՌԴ մամուլի խոսնակը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, սակայն այն պայմաններում, երբ Կիեւն իր համար արգելք է դրել դրանց վրա, Մոսկվան «առջեւում հորիզոններ չի տեսնում»։
Նշենք, որ նախօրեին Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտարարել էր, որ Շվեյցարիան այս տարվա հունիսին Բյուրգենշտոկում ուկրաինական խաղաղության բանաձեւի վերաբերյալ համաժողով կանցկացնի։