Ռուսաստանը կոչ է անում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածություն ցուցաբերել Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումներից հետո՝ իրավիճակի լիակատար ապակայունացումից խուսափելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, տարածաշրջանի բոլոր երկրներին մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Գիտեք, որ մենք, դատապարտել ենք Իրանի հյուպատոսության վրա հարձակումները։ Հենց հարձակումը մենք շատ կոշտ ենք դատապարտել։ Դա միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտում է»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ կողմերի զսպվածության դրսեւորումը կարեւոր է, որպեսզի նրանց գործողությունները չհանգեցնեն տարածաշրջանում իրավիճակի լիակատար ապակայունացման, «որն առանց այդ էլ չի փայլում կայունությամբ եւ կանխատեսելիությամբ»։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել էին Իրանի Իսլամական հեղափոխութայն պահապանների կորպուսի 7 ներկայացուցիչ, այդ թվում երկու գեներալ։