Բերդավանի բնակիչ Մարիետա Ամիրաղյանն իրենց տան պատշգամբից հայ-ադրբեջանական սահմանագծին մոտ Ղալինջաքար ամրոցն ու եկեղեցին է ցույց տալիս՝ բացատրելու համար, թե որքան մոտիկ են ապրում իրենք ու թշնամին։ Հետո հիշում է համագյուղացի Կարեն Ղազարյանի հետ վեց տարի առաջ պատահածը, թե ինչպես էր Բերդավանի՝ սահմանին ամենամոտը գտնվող «թուրքի թաղ»-ի բնակիչը հայտնվել Ադրբեջանում եւ գերեվարվել։ Ու ժողովուրդը նորից սկսել էր վախով ապրել։
Սահմանի մոտ տագնապն անսովոր չէ, ասում է տիկին Մարիետան․ 88-ից այս կողմ իրենց գլխով շատ բան է անցել՝ պատերազմ, դրանից հետո՝ չդադարող կրակոցներ, թշնամու կողմից հողերի, արոտավայրերի զավթում, անասնագողություն եւ այլն։ Բայց այն, ինչի առաջ կանգնած են այսօր, սովորական հարց չէ։
«Անհանգիստ ենք շատ, որովհետեւ գիտենք, եթե էդ գյուղերը «փակվեցին», գազն էլ, հոսանքն էլ կտրվելու են։ Ճանապարհը փակվեց՝ արդեն սննդամթերքի պակաս ա լինելու։ Թոռնիկս հիմա երրորդ դասարանում ա սովորում, չի թողնում, որ լուրեր լսենք, վախենում ա։ Էրեխեքն ինտերնետով ամեն ինչ տեսնում են, չես կարողանում արգելել։ Դրա համար մենք իր տանը եղած ժամանակ լուրեր չենք միացնում»,- պատմում է բերդավանցի կինը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը բոլոր բնակավայրերում է քննարկվող թիվ մեկ թեման դարձել։ Սահմանազատման գործընթացով Ադրբեջանը Հայաստանից թեեւ Բաղանիսին, Ոսկեպարին, Կիրանցին ու Բերքաբերին կից ներկայում չբնակեցված տարածքներն է պահանջում, բայց մյուս գյուղերում էլ մարդիկ համոզված են՝ ամբողջ մարզի անվտանգությունն է սպառնալիքի տակ դրվում։
44-օրյա պատերազմից ու հատկապես Արցախի հայաթափումից հետո տրամադրություններն այստեղ այլ են։ Կռվելու, պայքարելու հարց չի դրվում, այլ տունուտեղն «ինքնակամ» թողնելու։
«Հարսս գյուղապետարանում գեղմասի վարիչ ա, մշակութային շատ լավ բաներ են կազմակերպում, շատ շնորհալի երիտասարդներ կան գյուղում, բայց մարդիկ հավես չունեն, որ գնան, ինչ-որ բանի մասնակցեն։ Տրամադրությունների անկումը երեւի էս իրավիճակից է, բոլորն են հավեսից կտրվում։ Ուզում եմ լավատես լինել, որ էստեղ Արցախի «խաղը» չի կրկնվելու»,- ասում է տիկին Մարիետան, ապա ավելացնում՝ ջահելներն աշխատանք չունեն, շատերն են խոպան գնում, հիմա արդեն կգնան ու հետ չեն գա։
Ամուսինը՝ 72-ամյա Միշա Ազատյանը, որ նախկինում որպես հրամանատար Տավուշի ինքնապաշտպանության առաջնագծում է եղել եւ կամավոր զորավարժությունների է մասնակցում նաեւ այսօր, համոզված է՝ սահմանազատումը բազում այլ խնդիրներից բացի արտագաղթի է հանգեցնելու։
«Շատ դժվար հարց ա։ Եթե էդ հողը տվինք, մեր մի քանի գյուղեր երեւի թե կդատարկվեն։ Նոյեմբերյան-Իջեւան հատվածը փակվում ա, նոր ճանապարհ սարքելն էլ բարդ ա, որովհետեւ մեր սարերն ուրիշ են, էստեղ անմատչելի ա նման բան անելը։ Հայաստանում, եթե լավ ման գաք, կտեսնեք, որ ինչքան հարթավայր կա, սաղ թուրքերի ձեռին ա, սարերի մեջ մեզ բերել են, խեղդել։ Բայց պետք չի ոչ մի բանից վախենալ»,- ասում է Բերդավանի բնակիչը, միաժամանակ նշում՝ փախչելու տեղ ու մտադրություն չունեն։ Ավելին՝ պատրաստվում են նոր տուն կառուցել։
Ազատյանները Բերդավանի այն ընտանիքներից են, որոնց պետական ծրագրով տուն կառուցելու հայտը հաստատվել է։ Շինարարության թույլտվությունն արդեն կա, 16 միլիոն դրամ հիփոթեքային վարկը ստանալուց հետո կսկսեն շինարարությունը։
«Լավ ծրագիր է։ Մենք չլինենք, մեր թոռներն են ապրելու էստեղ։ Հո պատահակա՞ն չենք տուն սարքում։ Էստեղից ոչ ոք չի գնալու»,- ասում է Միշա Ազատյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն 400-ից ավելի ընտանիք է օգտվում։ Այս թիվը հավանաբար կմեծանա, որովհետեւ երկարաձգվել է ծրագրի գործողության ժամկետը։ Շահառուները կկարողանան դիմել եւ օգտվել ծրագրից մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։
Իսկ ծրագրի շահառու դառնալու համար հարկավոր է գրանցված ամուսնություն, ամուսիններից առնվազն մեկի ՀՀ քաղաքացիություն, դրական վարկային պատմություն։
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար 2023-ին պետական բյուջեից 466 միլիոն դրամ է հատկացվել, 2024-ի համար՝ մոտ 1,5 միլիարդ դրամ։
Մարզերից առաջին տեղում Տավուշն է, որտեղից տուն կառուցելու հայտ է ներկայացրել մոտ 250 ընտանիք։
«Ամենաշատը Կողբում, հետո Բերդավանում են տներ կառուցվում։ Մարդիկ կան, որոնց հայտերն արդեն բանկերում են, բայց դեռ չեն հաստատվել։ Այս պահին 30 եւ ավելի տան կառուցապատում ընթացքի մեջ է»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացով պայմանավորված վերջին իրադարձությունները, ըստ Զուրաբյանի, տուն կառուցել ցանկացողների շրջանում որեւէ բան չեն փոխել։ Ավելին՝ ծրագրից օգտվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։