Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը, Խարկովի վրա հարձակումները եւ ռազմաճակատում ռուսական զորքերի առաջխաղացումը հանգեցրել են նրան, որ ուկրաինական զորքերը մոտենում են կրիտիկական կետի, գրում է Bloomberg-ը։
Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան հայտնվել է իր ամենախոցելի փուլում, այս մասին պարբերականին հայտնել են արեւմտյան կառավարությունների աղբյուրները՝ մատնանշելով ռազմաճակատում զինամթերքի եւ անձնակազմի պակասը, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության թերությունները:
Bloomberg-ի զրուցակիցներից մեկի կարծիքով Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա, ինչը Կրեմլին հնարավորություն կտա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր առաջին անգամ նոր խոշոր հարձակում նախաձեռնել։
Սակայն ամերիկացի պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը պարբերականին հայտնել է, որ Միացյալ Նահանգները որեւէ նշան չի տեսնում, որ ռուսական բանակը մոտ ժամանակներում կարող է ճեղքել ճակատը։
Սակայն Ուկրաինայի բարոյահոգեբանական վիճակը ցածր է, եւ բանակի փլուզման հավանականությունը չի կարելի բացառել, ասել է մեկ այլ պաշտոնյա՝ կրկին անանուն մնալու պայմանով։
Ըստ Կիեւում տեղակայված Rating Group-ի անցկացրած վերջին հարցումների պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հարցված քաղաքացիների կեսից պակասն է հնարավոր համարել Ռուսաստանի օկուպացրած բոլոր տարածքների ազատագրումը։
Չնայած ուկրաինացիների մեծ մասը հավատում է հաղթանակին, սակայն նրանք էլ ավելի հաճախ են մտածում այն մասին, թե ինչի կարող է այն հանգեցնել, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ն այդպես էլ չի հաստատել Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորումը, հիշեցրել են պարբերականի աղբյուրները։ Եթե այդ միջոցները չհասնեն, Ուկրաինան ամենադժվար պահին կհայտնվի անելանելի վիճակում, ընդգծել են նրանք։