Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ Իրան, Իսրայել եւ Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցի ԱԳՆ էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արեւելքում ռազմական էսկալացիայի ռիսկի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել եւ պաղեստինյան տարածքներ այցելելուց»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Գերատեսչությունը նաեւ նշել է, որ Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։ Բացի այդ, արգելք է մտցվում այդ երկրներ ֆրանսիացի պաշտոնյաների աշխատանքային այցերի վրա։
Ընդգծենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին իր քաղաքացիներին Թել Ավիվից, Երուսաղեմից եւ Բար-Շեբայից դուրս ուղեւորություններ կատարելուց հրաժարման կոչ էր արել նաեւ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։
Նման կոչերը հնչում են Իսրայելի կողմից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանը հաջորդած տարածաշրջանային կտրուկ լարվածության ֆոնին։ The Wall Street Journal-ն գրում է, որ Իսրայելն Իրանից ուղիղ պատասխան հարված է ակնկալում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ հարձակման են ենթարկվելու երկրի հարավը կամ հյուսիսը։
Միեւնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրանական հարձակումը կունենա սահմանափակ ձեւ՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար։