ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները ցանկանում են խոչնդոտել այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի աջակցությամբ։ Այս մասին Մինսկում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման, Լավրովն ասել է, որ նման հարց քննարկվել է փակ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով «բոլորը հիանալի հասկանում են», որ Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները փորձում են ներթափանցել ԱՊՀ բոլոր տարածաշրջաններ։
«Նրանք փորձում են խարխլել Կովկասում, մասնավորապես, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Նրանք չեն ցանկանում թույլ տալ իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի աջակցությամբ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը եւ հավելել, որ խոչնդոտներ հարուցվում են նաեւ Կենտրոնական Ասիայում։
Ըստ Լավրովի Արեւմուտքը ստեղծում է տարբեր ֆորմատներ, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։
Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են մնում համագործակցության սկզբունքներին։
«[Արեւմուտքի] հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր հիմնական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում»,-ասել է Լավրովը։