Մարտի 22-ից Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագիր։ Դրանով նախատեսվում է ծառերի հատում եւ փոխարինում մի շարք փողոցներում՝ Մոսկովյան, Թամանյան, Մելիք Ադամյան, Սայաթ-Նովա պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Տերյան Խաչմերուկ, Ամիրյան, Ալեք Մանուկյան, Արամի, Ուլնեցու, Կիեւյան Հալաբյան, Բագրատունյաց, Նժդեհի եւ Միկոյան փողոցների որոշ հատվածներում։
Ապրիլի 9-ին (մայրաքաղաքի կենտրոնում գտնվող 300 թեղիները հատելուց հետո) քաղաքային իշխանությունը հայտարարեց՝ ժամանակավորապես դադարեցնում է ծառահատումը, որպեսզի ծառերի փոխարինման դեմ բողոքողները գիտական հակափաստարկներ ներկայացնելու հնարավորություն ունենան:
«Ակնկալում ենք, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանանք գրավոր, հիմնավոր որեւէ փաստաթուղթ», — խոսելով ծառահատումների ժամանակավոր դադարեցման մասին՝ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ծառահատման ծրագրի դեմ պայքարող «Փրկե՛նք Երեւանի ծառերը» նախաձեռնությունը ապրիլի 12-ին Երեւանի քաղաքապետարանում հանդիպում էր կազմակերպել։
Շրջակա միջավայրի միջավայրային խնդիրների փորձագետ Արման Վերմիշյանը նշեց՝ «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը խախտվել է։ Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ցանկացած գործունեություն իրականացնելուց առաջ պետք է փորձաքննություն իրականացվի։
Փորձագետին մի փաստ է զարմացրել․ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները նախորդ տարի էտել են այդ ծառերը, հիմա էլ ասում են՝ կենսունակ չեն։ Ծառերի հիվանդություններ կան, որոնք կարող են տարածվել մայրաքաղաքի հարակից անտառային տարածքներում, բայց դրանք անհրաժեշտ է բուժել, ոչ թե հատել։
«Իսկ ի՞նչ է արվել բուժման հետ կապված։ Ասում են՝ շատ թանկ է։ Նման բաները օդում չեն ասում։ Եթե մարդը հիվանդանում է՝ առավել եւս ծեր տարիքում, նրան էֆթանազիայի չեն տանում։ Աբսուրդ բաներ են ասում, պնդում են, թե «ծառերը կենսունակության ավարտին են մոտենում, կտրենք»։ Երբ ձեռքը վիրավորվում է, բուժում են, չեն անդամահատում, երբ ոջիլ է լինում գլխի վրա, այն չեն կտրում, բուժում են։ Այս ծրագիրը պիտի դադարեցվի․ սա ուղղակի հանցագործություն է։ Չի կարելի նման բան անել քաղաքի նկատմամբ»,- ասաց Արման Վերմիշյանը։
Տարբեր տեսակի ծառեր ու թփեր կան, որոնք շատ կարեւոր ֆունկցիաներ են կատարում, այդ թվում՝ փոշին են կլանում, թթվածին արտադրում։ Ծառերը խնդիրներ ունեն, բայց դրանք լուծելու համար հարկավոր է ճիշտ մեթոդներ ու քայլերի տրամաբանական հաջորդականություն կիրառել, ոչ թե էկոցիդ անել։
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ նշեց՝ քաղաքում շատ փոփոխություններ են լինում, որոնք չգիտես՝ ինչպես են որոշվում։ Կան պետական ինստիտուտներ՝ Գիտությունների ազգային ակադեմիան, համալսարանները եւ այլ կառույցներ, որոնց կարծիքը պետք է լսել ու կարեւորել։
«Քաղաքացիական հասարակությանը, պրոֆեսիոնալներին չլսելու այս լկտի պահվածքը եւ ինքնավստահ դիլետանտիզմը, որ այսօր կա պետական կառավարման մեջ եւ հատկապես Երեւանի քաղաքապետարանում (այս ծառահատումն էլ դրա լավագույն օրինակն է), պետք է վերջ տրվի։ Դա պետք է ունենա իրավական, քրեաիրավական հետեւանքներ»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։
Այժմ Երեւանում մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում, կանաչ տարածքներին էլ վնաս է հասցվում, հատվում են ֆունկցիոնալ կարեւոր արժեք ունեցող ծառերը․ դա աղետալի հետեւանքների է հանգեցնելու։
«Դուք չեք պատկերացնում․․․ Երեւանում ուղղակի բնակվել հնարավոր չի լինելու։ Բնակիչները պետք է ճնշում գործադրեն․ հարկավոր է դադարեցնել ծառահատումը»,- ասաց ճարտարապետը։
Միջազգային չափորոշիչներով Երեւանի կանաչ տարածքները մեկ շնչին բաժին հասնող մակերեսով չեն բավարարում։
«Այն հատվածները, որոնք Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված են կանաչ տարածքների ընդարձակման համար, այդ ծիծաղելի այսպես կոչված «ակադեմիական քաղաքի» կառուցապատման համար են օգտագործում, էլ չեմ ասում՝ տարբեր տեղերում բազմահարկ շենքներ են բուսնում, մինչդեռ այդ տարածքներում կանաչ համակարգի ցանցեր պիտի ունենայինք։ Կարծում եմ՝ այս լկտի պահվածքը պիտի առիթ լինի, որ հանրային եւ մասնագիտական մակարդակով որակյալ ու ներառական քննարկումներ ունենանք»,- նշեց Սարհատ Պետրոսյանը։
Որպես կենդանի օրգանիզմ՝ ցանկացած ծառի կենսական վիճակ կարելի է ստուգել դենդրոքրոնոլոգիայի մեթոդով։ Դեռ 19-րդ դարի վերջերից հայտնի է սա։ Ծառերի կենսական վիճակը կարելի է ստուգել ոչ միայն ակնադիտման միջոցով, այլեւ սարքավորումներով։ Սարքային հետազորության միջոցով կարելի է պարզել՝ ծառը գնում է դեպի անկո՞ւմ, թե՞ այն կարելի է բուժել։ Օրինակ՝ երբ ծառի տերեւները թափվում են, հնարավոր է դա ոչ թե հիվանդության, այլ լավ չջրվելու հետեւանք է։ Կան սարքեր, որոնց միջոցով կարելի է հետազոտել՝ ծառի արմատային համակարգը վնասվա՞ծ է, թե՞ ոչ, այն կարո՞ղ է քամուց տապալվել, բնափայտը որքանով է վնասված, արդյո՞ք այդ վնասվածությունը բերում է կենսունակության անկման։
Որոշ ծառատեսակներ փչակ ունեն, փտում են, բայց դա նորմալ գործընթաց է․ այնտեղ կենդանիներ են ապրում։ Եթե ծառը փչակ ունի, չի նշանակում՝ այն պետք է հատել։ Կան սարքավորումներ, որոնք կարելի է ամրացնել ծառերի վրա ու երկարաժամկետ մոնիթորինգ անել՝ քամիների ուղղությունն ու ազդեցությունը որոշելու համար։
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն էլ հավելեց՝ Երևանի քաղաքապետարանը երեք կարեւոր սարք կարող է գնել՝ ծախսելով մոտ 15 միլիոն դրամ, ապա նորմալ հետազոտություններ իրականացնել։ Սարքերն ունենալով՝ հնարավոր է ճիշտ որոշումներ կայացնել, ոչ թե միայն ակնադիտումից հետո որոշել, որ ծառը պետք է կտրել։
Կենսաբազմազանության մասնագետ, թռչնաբան Կարեն Աղաբաբյանն էլ նշեց՝ կանաչ գոտիները վնասելու դեպքում նաեւ էկոհամակարգն է վնասվում։ Երեւանում բնակվում է առնվազն 60 տեսակի թռչուն (չուի ժամանակահատվածում՝ ավելի քան 100 տեսակի)։ Կանաչ գոտիները նրանց համար բնադրավայր կամ հանգստի վայր են։
«Կա մի թռչնակ, որը կոչվում է մեծ երաշտահավ, տարածված է քաղաքում, գրեթե ամեն տեղ, որտեղ կան ծառեր։ Բնադրում է ծառերի փչակներում եւ մեծ դեր է խաղում միջատներից մաքրման գործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մի զույգ մեծ երաշտահավը միջատներից մաքրում է մոտ 40 ծառ»,- բացատրեց մասնագետը։
Ծառերը հատվել են, բազմաթիվ թռչունների փչակներ այլեւս չկան։ Մայրաքաղաքում բնակվում են նաեւ կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ․ ծառահատումներ անելիս այս փաստն էլ հաշվի չի առնվել։
«Ռիսկեր ենք ստեղծում կարմիրգրքյան տեսակների համար, որոնք ըստ մեր օրենսդրութայն՝ պարտավոր ենք պահպանել։ Ծառահատւմները մեր էկոհամակարգին մեծ վնաս են հասցնում»,- եզրափակեց մասնագետը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։