Երբ մենք մտնում ենք առեւտրի կենտրոն, ռեստորան կամ սրճարան՝ դժվար է անտեսել երաժշտության բարձր, երբեմն անգամ նյարդայնացնող ձայնը:
Մի շարք հանրային վայրերում երաժշտությունը պարզապես ֆոնային տարր չէ. այն հաճախ բավականին կենտրոնական տեղ է զբաղեցնում՝ մրցելով շրջակա միջավայրի աղմուկի եւ երբեմն նույնիսկ ձեր մտքերի հետ:
Ինչո՞ւ է հանրային վայրերում երաժշտության ձայնը բարձր
Մի քանի հայտնի հիմնավորումներ կան, թե ինչու է երաժշտությունն այդքան բարձր։ Մարկետոլոգները պնդում են, որ երաժշտությունն օգնում է ռեստորաններին ու սրճարաններին, ավելի շատ գումար աշխատել։
Ըստ Մեծ Բրիտանիայի երաժշտության լիցենզավորման կազմակերպության (PPL PRS Ltd)՝ բարերի սեփականատերերի ավելի քան 90%-ը կարծում է, որ ճիշտ երաժշտության շնորհիվ բարի եկամուտը կարող է աճել 44%-ով։
Այն պայմանավորված է բարերի առանձնահատկություններով. մարդիկ այստեղ գալիս են զվարճանալու, ուստի բարձր, ռիթմիկ երաժշտությունը նրանց անմիջապես գրավում է եւ դրդում գումար ծախսել: Եթե հաճախորդը մտնում է բար եւ այնտեղ լռություն է, նա, ամենայն հավանականությամբ, ուրիշ տեղ կգնա:
Ըստ Ռեստորանների ազգային ասոցիացիայի՝ սաունդթրեքը կարող է միջին վճարը բարձրացնել 9%-ով։ Վերլուծաբանները նաեւ նշում են այցելուների վարքագծի փոփոխությունները՝ կախված ուղեկցող երաժշտությունից։
Երբ հնչում է արագ, ռիթմիկ երաժշտություն, հաճախորդները 30%-ով ավելի արագ են ուտում իրենց սնունդը եւ հեռանում, ինչի շնորհիվ բիզնեսը լրացուցիչ շահույթ է ստանում։
Բայց պետք է նաեւ նկատել, որ ռիթմիկ երաժշտությունը նպաստում է ալկոհոլային խմիչքների ավելի ակտիվ օգտագործմանը, որը կրկին ավելացնում է վաճառքը։ Իսկ եթե սրճարանում հնչում են դանդաղ մեղեդիներ, ապա ընդհակառակը, հաճախորդները հիմնականում ընտրում են թեյ, սուրճ եւ աղանդեր:
Սակայն երբ էմոցիոնալ ակտիվ ու երբեմն նյարդային միջավայրում ենք գտնվում, այն վատ է ազդում մեր ճաշակի ընկալման վրա։
Մանչեսթերի համալսարանի ֆիզիոլոգների անցկացրած փորձը ցույց է տվել, որ աղմուկի մակարդակի բարձրացման հետ մարդկանց մոտ նվազում է քաղցրի եւ աղի զգացումը: Սա հանգեցնում է նրան, որ մարդն ի վիճակի չի լինում լիովին գնահատել ճաշատեսակը. նա իրեն պարզապես կուշտ կզգա, ոչինչ ավելի։
Մանրածախ խանութներն ու բիզնեսները հաճախ օգտագործում են երաժշտությունը որպես իրենց բրենդինգի ռազմավարության մաս՝ որոշակի կերպար կամ տրամադրություն ստեղծելու համար: Բարձր երաժշտությունը հաճախ նաեւ օգտագործվում է ուշադրություն գրավելու համար։
Մեծ առեւտրի կենտրոններում եւ այլ մարդաշատ վայրերում, որտեղ ֆոնային աղմուկը չափից շատ է, սովորաբար երաժշտության ձայնը սովորականից բարձր է լինում՝ փորձելով քողարկել միջավայրի աղմուկը:
Ո՞վ է կարգավորում մեր լսողական հիգենան
Հայաստում աղմուկի քանակը վերահսկում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ վերահսկում են դիմում-բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթների շրջանակներում։
Աղմուկի քանակը պետք է համապատասխանի Առողջապահության նախարարի N 138 հրամանով սահմանված պահանջներին։
Սրճարաններում եւ ռեստորաններում թափանցող աղմուկի ձայնի համարժեք մակարդակը 55 դԲԱ է, իսկ ձայնի առավելագույն մակարդակը՝ 70 դԲԱ։
Խանութներում, առեւտրի սրահներում ձայնի համարժեք մակարդակը 60 դԲԱ է, իսկ ձայնի առավելագույն մակարդակը՝ 75 դԲԱ։
Իսկ վերջին երկու տարիներին խախտումների հիման վրա հարուցվել է 135 վարչական վարույթ, որոնցից 58-ը 2022 թվականին, իսկ 77-ը՝ 2023-ին։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում խախտումները վերացնելու համար տրվել է 44 կարգադրագիր, 91 վարույթ կարճվել է, այդ թվում 40-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։
Չնայած նրան, որ վաղուց ստեղծվել են դեցիբելները հաշվող հատուկ սարքեր, բոլորը չէ, որ ունեն այդ սարքերը եւ պատրաստ են ժամանակ ծախսելու, հանրային տարածքներում վազվզելու՝ փորձելով չափել աղմուկի քանակը։ Երեւի թե լավագույն տարբերակն այն կլիներ, որ սրճարանների եւ այլ հանրային վայրերի սեփականատերերը գնեին այդ սարքերը եւ իրենք հաշվեին աղմուկի քանակը։
Մեզ մնում է երկու տարբերակ նստել տանը եւ խնայել լսողությունը, կամ գոյատեւել աղմկոտ հանրային վայրերում։
Աստղիկ Հովհաննեսով
Ինֆոգրաֆիկա՝ Ջուլիետտա Հովհաննիսյան