Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների համար։ Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ եւ բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջեւ», — ասել է Տոկաեւը եւ հավելել, որ նման առաջարկի հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը Ղազախստանի համար շատ կարեւոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում:
«Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասել է Ղազախստանի նախագահը եւ նշել, որ ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։