Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Իսրայելին կոչ է արել ՝ զերծ մնալ Իրանի հետ լայնածավալ էսկալացիայից եւ չպատասխանել ապրիլի 14-ի իրանական ԱԹՍ-ների եւ հրթիռների հարձակմանը։ Այս մասին նա ասել է Sky News-ի եթերում՝ մեկնաբանելով շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունները։
«Այս [արձակումները] շատ նշանակալից էին, ուստի, իհարկե, եթե դուք այսօր առավոտյան Իսրայելում լինեիք, միանգամայն ողջամտորեն կմտածեք․ «Մենք բոլոր իրավունքներն ունենք սրան արձագանքելու համար»։ Բայց մենք կոչ ենք անում, որ այդպիսի մտքերը չհանգեցնեն էսկալացիայի։ Շատ առումներով դա կրկնակի պարտություն էր Իրանի համար։ Հարձակումը գրեթե լիակատար ձախողում էր, եւ նրանք աշխարհին ցույց տվեցին, որ չարամիտ ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա, պատրաստ են նման գործողությունների։ Մեր հույսն այն է, որ հակահարված չի լինի, եւ աշխարհի ուշադրությունը կշրջվի ՀԱՄԱՍ-ի վրա»,-ասել է Քեմերոնը։
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ավելի վաղ մարդասիրական օգնության մատակարարումը այնտեղ թույլ չտալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «սխալ դիրքորոշում» է ընդունել։
Հարցին, թե Թեհրանն իրավունք ունի՞ արձագանքել Սիրիայում իր դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակմանը, Քեմերոնն ասել է. «Երկրներն իրավունք ունեն արձագանքելու, երբ զգում են, որ իրենց դեմ ագրեսիա է իրականացվել»:
Նա հավելել է, որ Իրանի գործողությունների մասշտաբներն անընդունելի են՝ դրանք անվանելով «անխոհեմ ու վտանգավոր»։