Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM TV ֆրանսիական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ այս ամռանը երկրում մեկնարկվող Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր կլինի Ուկրաինայում եւ Գազայում հրադադար հաստատել։
«Մենք ցանկանում ենք աշխատել օլիմպիական զինադադարի ուղղությամբ, եւ կարծում եմ, որ սա հնարավորություն է, որի մեջ կփորձեմ ներգրավել մեր գործընկերներից շատերին»,-ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ այդ հարցում օգնություն կխնդրի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինից, ով մի քանի շաբաթից կայցելի Փարիզ։ Նա հիշեցրել է, որ իր չինացի գործընկերը «նույն աշխատանքն իրականացրել է» 2022 թվականին՝ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։
«Եվ հենց այստեղ դիվանագիտության տեսանկյունից Օլիմպիական խաղերը շատ օգուտներ են բերում»,-նշել է Մակրոնը։
Նախագահը նաեւ հավելել է, որ ռուս մարզիկները կշարունակեն հանդես գալ Օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո։