Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, հայտնում է Mtavari հեռուստաալիքը։ Առաջին ընթերցումը տեղի կունենա ապրիլի 16-ին։
Արդեն քննարկումների ընթացքում խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել էին ընդդիմադիրների բողոքի ցույցերը։ Ըստ Paper Kartuli-ի՝ հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով, ինչպես նաեւ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ գրություններ պարունակող պաստառներով։
Ոստիկանությունը նախազգուշացում էր տարածել՝ կոչ անելով հանրահավաքի կազմակերպիչներին չխախտել օրենքը եւ զգուշացրել, որ «ցանակցած խախտում կկանխվի»:
Հաղորդագրության տարածումից հետո, ինչպես հայտնում է Mtavari հեռուստաալիքը Ռուսթավի փողոտայում սկսվել էին ձերբակալությունները։ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կազմակերպված ցույցի ժամանակ իրավապահները ձերբակալել են 14 մարդ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում գրել է, որ ջրցան մեքենաներով հատուկ ջոկատայինները պատրաստ են «գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող խաղաղ բնակիչների դեմ։ Ձերբակալությունները շարունակվում են։ Վրաստանը չի հանձնվի ռեսովետիզացիային»։
massive peaceful demonstration of civil society in Tbilisi against the “Russian law ». « spetznats » with water and gas canons ready to pass to action against civilians defending their European future. Arrests are ongoing. Georgia will not surrender to resovietisation! !
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) April 15, 2024
Ապրիլի 15-ին Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծով։ Նրա խոսքերով այն կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ եւ կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։ Ըստ Միլլերի այն կխոչընդոտի նաեւ անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք բարձրորակ տեղեկատվության հասանելիություն են ապահովում Վրաստանի քաղաքացիների համար։
«Բայց քանի դեռ այն օրենքի նախագիծ է, չեմ խոսի օրենքի վերածվելու դեպքում դրա հետեւանքների մասին», — պետդեպարտամենտի խոսնակը։