Ադրբեջանը ոչինչ չի արել որպեսզի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած եւ վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ եւ անարգել կերպով։ Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ՀՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։
«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել եւ սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի հայտարարված նպատակն էր վերացնել եւ վտարել հայերին իրենց հայրենիքից։
Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։
«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին եւ հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը եւ ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու եւ առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։
ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս ամենից հետո Հայաստանը դիմել է դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռեւս չէին սպանվել եւ չէին վտարվել իրենց հայրենիքից։
Միեւնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։
Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են եւ ցինիկ։
Նա նաեւ հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։