Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում իրականցնում է լայնածավալ այնպիսի աշխատանք, որն աշխարհում նմանը չունի։
«Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում մենք լայնածավալ աշխատանք ենք իրականացնում, որն աշխարհում նմանը չունի»,-ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Շիրվանի ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Նրա խոսքերով այդ աշխատանքները ներառում են բնակելի շենքերի, երկաթուղիների, թունելների, օդանավակայանների կառուցումը, ինչպես նաեւ ենթակառուցվածքային եւ ոռոգման ծրագրերի ներդրումները։
Ալիեւը նաեւ ընդգծել է, որ ներկա պահին Ադրբեջանի համար առաջնային խդիր է ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը։
«Մեր լեռներում քիչ ձյուն է տեղացել։ Գետերի մակարդակը նախորդ տարիների համեմատ նվազել է, իսկ որոշ հիմնական գետեր չորացել են։ Կասպից ծովի ծանծաղացումն ակնհայտ է։ Սա կարող են տեսնել բոլորը: Այս պարագայում մեր հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն է»,-ընդգծել է Ալիեւը։
Նա իր ելությում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում Ադրբեջանի ջրային պաշարների 25 տոկոսը գտնվել է հայկական կողմի վերահսկողության ներքո։
«Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի ջրային ռեսուրսները կազմում են մեր ընդհանուր ջրային պաշարների 25 տոկոսը։ Այս ջրային ռեսուրսների հիմնական դրական կողմը այն է, որ դրանք ձեւավորվում են ներքին աղբյուրներից»,-ասել Ադրբեջանի նախագահը։