Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիության ներկայիս ղեկավարությունը պետք է հրաժարական տա։
«Մենք ունենք Եվրամիության ղեկավարություն՝ իր ընտրությամբ մի քանի խոշոր նախագծերով, ինչպիսիք են կանաչ [էներգիայի] անցումը, կայուն զարգացման քաղաքականությունը, միգրացիան, ռազմական եւ պատժամիջոցների քաղաքականությունը, եւ դրանք բոլորը ձախողվել են: Եվրամիության ներկայիս ղեկավարությունը պետք է գնա, բայց մեզ նոր առաջնորդներ են պետք», — հայտարարել է Օրբանը մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսագրությունը հրպարակվել է X-ի իր էջում։
Վարչապետը հիշատակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը, ով ասել է, որ Հունգարիան ԵՄ-ից գումար չի ստանա իր միգրացիոն եւ գենդերային քաղաքականության պատճառով։ Նրա խոսքով՝ Եվրամիության ստեղծած իրավունքի գերակայության համակարգը եւ կոնվենցիաները վերածվել են քաղաքական շանտաժի գործիքակազմի։
Ապրիլի 10-ին Հունգարիայի կառավարությունը դեմ արտահայտվեց ԵՄ միգրացիոն քաղաքականությանը եւ չաջակցեց ԵՄ միգրացիոն նոր պայմանագրին։ Այդ ժամանակ Օրբանը հայտարարել էր, որ «միգրացիոն պայմանագիրը եւս մեկ մեխ է Եվրամիության դագաղին»։