Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցի սկզբնական մասում անդիպում է ունեցել Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հաղորդվում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ձեւավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։
Նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։
Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարեւորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձեւավորված միջազգային համագործակցությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երեւանի եւ Ռիյադի միջեւ շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաեւ կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։