Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
Վրաստանի բոլոր միջազգային գործընկերները կոչ են անում Թբիլիսիին հրաժարվել խորհրդարանում կրկին քննարկման դրված օրինագծի հաստատումից։ Նախորդ տարի փաստաթուղթը հետ էր կանչվել երկու օր տեւած զանգվածային ցույցերից ու ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումներից հետո։
Քննադատները օրինագիծը համարում են 2012 թվականին Ռուսաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության անալոգը։ Վրաստանի իշխանությունները նշում են, որ առաջարկվող օրինագիծը ոչ մի ընդհանուր բան չունի ռուսական օրենսդրության հետ։