Վրաստանի նախագահը հաստատել է, որ վետո է դնելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Ես վետո կդնեմ այս օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների հետ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին»,-ասել է նախագահը։
Interview with @BBCNews
https://t.co/r2Mbl9jWVZ— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) April 17, 2024
Նա հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օրենսդիր մարմնում ունի բավականաչափ պատգամավորներ, որպեսզի հաղթահարի նախագահի վետոն:
Ընդգծենք, որ օրինագիծն այսօր՝ ապրիլի 17-ին խորհրդարանը ընդունել է առաջին ընթերցմամբ եւ առանց ընդդիմադիրների մասնակցության։ Քննադատները այն համարում են Ռուսաստանի «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» անալոգը, մինչդեռ իշխող կուսակցության նախաձեռնողները հավատացնում են, որ այն որեւէ կապ չունի ռուսական տարբերակի հետ։
Զուրաբիշվիլին այսօր նաեւ հնդիպում է ունեցել եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում նա ԵՄ ղեկավարներին կոչ է արել ակտիվացնել բարձր մակարդակի այցերը հանրապետություն` «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հաստատումից հետո։
«Նախագահի խոսքով, կարեւոր է, որ եվրոպացի առաջնորդներն ակտիվացնեն բարձր մակարդակի այցերը, ինչն ինքնին աջակցության արտահայտություն կլինի»,-ասվում է նախագահականի հաղորդագրության մեջ։
Վրաստանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ օրինագծի ընդունման մեջ տեսնում է ռուսական հետք։ Նա նաեւ նշել է, որ Վրաստանի բնակիչները պետք է կարողանան իրենց ազատ ընտրությունը կատարել հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում։