Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Դեյվիդ Քեմերոնին եւ Աննալենա Բաերբոքին։ Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Թե Բերբոքի, եւ թե Քեմերոնի հետ հանդիպմանը Նեթանյահուն խոսելով ապրիլի 14-ին Իրանի ԱԹՍ-ների եւ հրթիռների կիրառմամբ վերջին հարձակման մասին «պնդել է, որ Իսրայելը ունի ինքնապաշտպանության իրավունք»։ Միեւնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներին՝ Իսրայելին աջակցության հարցում իրենց երկրների հստակ դիրքորոշման համար՝ Իրանի վերջին հարձակման համատեքստում, ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Իսրայելի վարչապետը արտգործնախարարներին պատմել է Գազայի հատվածում ռազմական գործողության առաջընթացի եւ անկլավ հասցվող մարդասիրական օգնության ծավալների մասին։
Խոսելով Գազայում խաղաղ բնակիչների վիճակի մասին՝ նա «մերժել է Գազայում սովի հետ կապված միջազգային կազմակերպությունների պնդումները եւ ասել, որ Իսրայելն հումանիտար հարցում անում է հնարավոր ամեն ինչ», ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քեմերոնին ու Բերբոքին ընդունել էին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը եւ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։ Այս հանդիպումների ընթացքում Իսրայելի ղեկավարները կրկին ընդգծել էին իրենց երկրի ինքնապաշտպանության իրավունքը եւ շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային Իրանի գործողությունների համատեքստում ցուցաբերած աջակցության համար։