Թուրքիան 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի է ստեղծել հարեւան Իրաքի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Արդեն ստեղծվել է 30 կիլոմետրանոց անվտանգության գիծ, սակայն դեռ մի շարք բաներ կան, որ մենք պետք է անենք այնտեղ», — մեջբերում է թուրք նախարարի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ տեղական լրատվամիջոցների ապրիլի 22-ին Էրդողանի Բաղդադ կայանալիք այցից հետո թուրքական բանակը կարող է լայնածավալ անդրսահմանային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում եւ արդյունքում սահմանային տարածքներում ստեղծել մինչեւ 40 կմ խորությամբ անվտանգության գոտի, որը հետագայում կփոխանցվի ժանդարմերիայի ստորաբաժանումների հսկողությանը։
«Մենք ծրագրեր ենք մշակել, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Երկուշաբթի օրը մեր նախագահը կլինի Իրաքում, երկար տարիներ անց մենք նրա հետ առաջին անգամ ռազմավարական բնույթի պայմանագիր կստորագրենք»,-ասել է Գյուլերը՝ ինկատի ունենալով Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» հակազդելու ոլորտում երկու երկրների համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը։