Ալ Ռիյադում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է:
Նախարարները անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու եւ համապատասախան իրավապայմանագրային բազա ձեւավորելու պատրաստակամությունը:
Նշվում է, որ ՀՀ եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթների կարեւորությունը, որոնք նպաստում են նաեւ մարդկանց միջեւ շփումների եւ գործարար կապերի խթանմանը։
Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ «World Expo 2030» անցկացման համատեքստում:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսեւորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական պետությունների լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարեւոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»:
Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։
Տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՜ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: