Արմավիրցի Գրիշա Սարգսյանի հողատարածքում գարնանային եռուզեռ է։ Ընտանիքի բոլոր անդամները հողամասում են՝ ցանքի շրջան է։ Հովտամեջ գյուղի բազմանդամ այս ընտանիքն իր հողատարածքում տարբեր տեսակի բույսեր է աճեցնում՝ ելակ, կարտոֆիլ, սմբուկ, ծաղկակաղամբ, լոբի։
Տարվա ընթացքում, երբ մի բերքը հասնում է, նույն տարածքում այլ բույս են ցանում։ Սեփական հողատարածքում Գրիշան ու իր ընտանիքի անդամները ոչ միայն աշխատում են, այլեւ աշխատավարձ ստանում դրա համար։ Պետությունն է վարձատրում։
Գրիշայի ընտանիքն այն շահառուներից է, որոնք օգտվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Սեզոնային զբաղվածության խթանման» ծրագրից։ Նախորդ տարի Գրիշան եւ ընտանիքը մոտ 270 հազար դրամ աջակցություն են ստացել՝ սեփական հողատարածքը մշակելու համար։ «Ստացված գումարն օգտագործել ենք ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Մշակության ընթացքում տարբեր գործեր են առաջանում, որոնց համար գումար է անհրաժեշտ լինում։ Հիմնականում պարարտանյութերին ենք տրամադրել գումարը»,-«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է Գրիշան։ Այս տարի եւս մեր զրուցակիցն ու նրա ընտանիքի անդամները մոտ 290 000 դրամ աջակցություն կստանան։
Նշված գումարը հաշվարկվում է ըստ աշխատած օրերի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ օրական վարձատրությունը 4000 դրամ է։
«Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչեւ 180 օր՝ կախված՝ ինչ բույսեր են մշակվելու։ Մեկ անձին տրամադրվում է առնվազն 50 000 դրամ, առավելագույնը՝ 300 000 դրամ։ Մշակաբույսի աճեցումը պետք է այնպիսի ժամանակահատված ընդգրկի, որ գոնե 50 000 դրամ աջակցություն տրամադրվի։ Այսինքն՝ այնպես չլինի, որ ընդամենը 5 օրվա աշխատանք լինի, եւ շատ փոքր ծրագիր ֆինանսավորվի»,- ասում է Սարգսյանը։
Ծրագրի շահառուներն ընտրվում են տարբեր սկզբունքներով, օրինակ՝ ընտանիքը հաշվառված է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում եւ անապահովության միավորը բարձր է 0-ից, ընտանիքում կա երկու եւ ավելի անչափահաս, ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է, զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է եւ այլն։ Նախապատվությունը տրվում է առավել խոցելի եւ աղքատ բնակավայրերի բնակիչներին, հատկապես լեռնային, բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքներում ապրողներին։
Ժորա Սագսյանը նշում է, որ ծրագրի հետաքրքրությունը մեծ է հանրապետության բոլոր մարզերում։ Առավել ակտիվ են Գեղարքունիքը, Շիրակը, Վայոց ձորը, Տավուշը։
«2022 թվականին նախատեսել էինք իրականացնել 716 ծրագիր, իրականացրինք 1178-ը, 2023-ին նախատեսեծված 2300-ի փոխարեն՝ 3160-ը։ Այս տարի նախատեսել ենք անցկացնել 942 ծրագիր, եւ ապրիլի 5-ի դրությամբ արդեն իսկ իրականացրել ենք 242-ը»,-ներկայացնում է Սարգսյանը։
Ծրագիրն աջակցում է երկու կոմպոնետնով՝ մշակելու եւ տեխնիկա ներգրավելու։ Տեխնիկայի ներգրավման համար էլ տրամադրվում է 5000 դրամ, հավելյալ յուրաքանչյուր ժամի համար եւս գումար է տրվում։
Սեփական կամ անհատույց օգտագործման տրված հողատարածքի չափը չպետք է գերազանցի 3 հեկտարը։ «Ծրագիրը բիզնես նպատակ չի հետապնդում, կարեւորում ենք հենց սոցիալական աջակցությունը։ Այս ծրագրով արտագաղթն է ինչ-որ չափով կանխվում, մարդիկ օրական աշխատավարձ են ստանում, հողն անմշակ չի մնում»։
Շահառուները հույս ունեն, որ հետագայում նաեւ բերքի վաճառքի խնդիրները կլուծվեն, կկարողանան ոչ միայն մշակել, այլեւ առանց խնդրի սպառումն ապահովել։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: