Ալիք Մեդիան հատվածաբար ներկայացնում է միջազգային հանրային օրենքների մասնագետ, ֆրանսահայ փաստաբան Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի «Ֆրանսիան իրեն ներկայացնում է որպես Հայաստանի փրկիչ, արդյո՞ք դա այդպես է» հոդվածը, որը հրապարակվել է ամերիկահայկական The Armenian Mirror Spectator պարբերականում։
Հայերի նկատմամբ Ֆրանսիայի համակրանքը կասկածի ենթակա չէ։
Վերջիններս ինտեգրման հաջող մոդել են։ Նրանք ցեղասպանության են ենթարկվել, եւ նրանք քրիստոնյա են։ Երկրում պահպանողականներն ու քրիստոնյա աջերը քաղաքականապես մոբիլիզացվել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։
Ֆրանսիայի խորհրդարանը հայ համայնքի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ջանքերով ընդունել է աշխարհում եզակի դիրքորոշումներ Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի եւ էթնիկ զտումների դատապարտման վերաբերյալ։
Անձամբ՝ նախագահ Մակրոնը, անշուշտ բարկացրել է Արտաքին գործերի նախարարությանը՝ Հայաստանի օգտին նման հստակ դիրքորոշում ընդունելով։ Միշտ չէ, որ այդպես է եղել։
Իսկապես, պետք է հիշել, որ Ֆրանսիան Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք միջնորդներից մեկն էր՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, որոնց հանձնարարված էր հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Հետեւաբար, պետք է չեզոք լիներ հակամարտության կողմերի միջեւ երկխոսություն ապահովելու հարցում։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ամբողջությամբ փոխեց իրավիճակը, եւ Մինսկի խումբն այլեւս չի գործում։ 2022 թվականի փետրվարից ֆրանսիացիները, եվրոպացիները եւ ամերիկացիները ցանկանում էին վերահսկել խաղաղության գործընթացը՝ ի վնաս ռուսների։
Ղարաբաղյան հարցը շահարկվեց, եւ Ղարաբաղի հանձնումը բարդվեց միայն ռուսների վրա։ Սա կրկին կեղծավոր կեցվածք է, քանի որ բոլոր երեք միջնորդները պայմանավորվել էին, որ Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին՝ ելնելով տարածքային ամբողջականությունը հարգելու հայեցակարգից՝ թողնելով Ղարաբաղի պաշտոնական կարգավիճակը հետագա փուլի։
Հասկանալի է, որ Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը այլեւս խաղադրույքներ չեն Հարավային Կովկասում ազդեցության տարածման համար մղվող այս նոր պայքարում։ Արեւմուտքը ցանկանում է տարածաշրջանում լիակատար քաղաքական եւ ռազմական վերահսկողության հասնել։
Նախագահ Մակրոնի գործողությունները միջազգային կառույցներում կասկածի տակ են դնում Հայաստանին նրա աջակցության անկեղծությունը։ Ֆրանսիան, որը բավականին ագրեսիվ է Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ պահանջելու հարցում, նույնը դեռեւս չի պահանջում Ադրբեջանի հարցում։
Եվրոխորհրդարանում Մակրոնի քաղաքական կուսակցության անդամները (պատկանում է RENEW եվրոպական կուսակցությանը) այդպես էլ կողմ չքվեարկեցին այն բանաձեւին, որը կոչ էր անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ:
Եվրոխորհրդարանի այս պատգամավորները պնդում էին, որ անհրաժեշտ է պատուհան թողնել բանակցությունների համար, եւ որ նոր ագրեսիայի դեպքում միայն պետք է դիտարկվեն պատժամիջոցները։
Արդյո՞ք Ղարաբաղի էթնիկ զտումները եւ Հայաստանի 170 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթումը բավարար չեն պատժամիջոցներն արդարացնելու համար։ Արդյո՞ք պետք է եզրակացնենք, որ այդ պատժամիջոցները կկիրառվեն միայն այն ժամանակ, երբ ավարտվի Հարավային Հայաստան ներխուժումը:
Ավելին, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունները մնում են ամուր՝ չնայած երկու երկրների միջեւ լարված հռետորաբանությանը. 2023 թվականին ադրբեջանական արտահանումը Ֆրանսիա աճել է 57 անգամ։
Հայաստանում Ֆրանսիայի շուրջ ընկալումների վրա այս իրողությունները կարծես թե չեն ազդում։ Հայաստանում, ինչպես եւ սփյուռքի մի մասում, մարդիկ դեռ հավատում են օտար կանխորոշված փրկչի գալստյանը, հավատ, որի համար հայերը թանկ գին են վճարել իրենց պատմության ընթացքում:
Ամերիկյան կառույցների կողմից ֆինանսավորվող հարցումը, որի նպատակն է ցույց տալ, որ հայերը Ռուսաստանից շրջվում են, վկայում է, որ հարցվածների 69%-ը Ֆրանսիան համարում է ամենակարեւոր քաղաքական գործընկեր՝ զգալիորեն գերազանցելով բոլոր մյուս երկրներին:
Ինչ վերաբերում է (ռազմական) անվտանգությանը, ապա 50%-ը Ֆրանսիան համարում է ամենաապահով գործընկերը: Երկրորդ տեղում Իրանն ու ԱՄՆ-ն են՝ 46%-վ, իսկ Ռուսաստանը չորրորդը՝ 31%-ով: Հնդկաստանը չի ներառվել այս հարցման մեջ՝ չնայած նրա աճող տնտեսական եւ ռազմական նշանակությանը:
Հայաստանում հնդկական համայնքը զիջում է միայն ռուսներին՝ շուրջ 15000 բնակչությամբ։ Հարցվածներն ընդունում են, որ տնտեսական առումով կարեւորագույն գործընկերներ են Իրանը (49%), Ռուսաստանը (48%) եւ Չինաստանը (40%)։ Ֆրանսիան միայն չորրորդ տեղում է՝ 34 %-ով։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից Ֆրանսիան Հայաստան մատակարարումներով զբաղեցնում է 13-րդ տեղը, իսկ գնումների առումով՝ 28-րդ տեղը։
Զենքի մատակարարումների կամ Հայաստանի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրերի շուրջ Ֆրանսիայի շփումը, որն ամրագրվեց 2024 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի այցով, որոշակի աղմուկ է բարձրացնում, բայց արդյո՞ք իրականությունը համապատասխանում է Հայաստանի պաշտպանական մարտահրավերներին:
Համեմատական ձեւով դիտարկենք Ուկրաինային Ֆրանսիայի արած մատակարարումները։
Հիշեցնենք, որ Ուկրաինային մատակարարվող զենքերը թեթեւ զրահամեքենաներ են, «Կեսար» թնդանոթներ եւ զինամթերք, եւ այժմ խոսվում է SCALP հրթիռների մատակարարման մասին։ SCALP-EG-ը սովորական ռազմավարական զենք է, որն ունակ է խոցել ճակատային գծից հեռու (400-ից 500 կիլոմետր) գտնվող առանցքային թիրախները:
Գերմանացիներն ու ամերիկացիները պաշտոնապես հրաժարվում են Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել։ Ուկրաինական օդուժում միայն Սու-24-ն է հարմարեցված SCALP հրթիռներ տեղափոխելու համար, հնարավոր է 14 ինքնաթիռ (2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ): Ամերիկյան F-16-ը, որի վրա ներկայումս մարզվում են ուկրաինացի օդաչուները, հարմար չէ SCALP-ին։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական քաղաքականությունը մարտական գործողությունների պայմաններում Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմանը հարմարեցված սարքավորումներ եւ նյութեր մատակարարելն է։ Այս մատակարարումները պետք է համապատասխանեն երեք չափանիշների. ապահովել ամբողջական հնարավորություններ (զինամթերք, հանդերձանք, ուսուցում եւ տեխնիկայի սպասարկում), չթուլացնել ֆրանսիական բանակը եւ վերահսկել ռազմական էսկալացիան:
2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ստորագրեցին հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների հուշագիր, որը ներառում է Thales-ից երեք Ground Master (GM200) ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կիլոմետր հեռավորության վրա:
Պայմանագիր կա նաեւ ցամաք-օդ ցածր հեռահարության համակարգերի (Mistral) մատակարարման վերաբերյալ, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի եւ մեքենայացված կորպուսի ցամաք-օդ ծածկույթը վերացնելու համար։ Այն առանձին ստորաբաժանումներին ապահովում է սեփական հակաօդային պաշտպանությամբ։
«Mistral»-ն օգտագործվում է նախազգուշացնող ռադարների հետ: Ի դեպ, Ֆրանսիան եւ Հայաստանը պայմանագիր են կնքել «Safran» ընկերության արտադրած գիշերային հեռադիտակների եւ 50 «Բաստիոն» թեթեւ զրահափոխադրիչների մատակարարման համար։
Այս բացառապես պաշտպանական տեխնիկան օգտագործվում է սպառնալիքները հայտնաբերելու կամ ցամաքային զորքերը պաշտպանելու համար, իսկ ի՞նչ կարող ենք ասել զսպող զինատեսակների մասին: Ի՞նչ զինատեսակներ կպահանջվեն Հայաստանին ադրբեջանական լայնածավալ ագրեսիան հետ մղելու համար։ Հարավային Կովկասի կոնֆիգուրացիան, տարածքների փոքր չափը, զինանոցների եւ զորքերի անհավասարակշռությունը, որը մեծ մասամբ Ադրբեջանի օգտին է, կասկածելի են դարձնում երկարատեւ պայմանական պատերազմի հավանականությունը, ինչպիսին Ուկրաինայում է:
Հայաստանին անհրաժեշտ են դժվար հայտնաբերվող «երկիր-երկիր» հրթիռներ սովորական զսպման եւ «երկիր-օդ» հրթիռներ պաշտպանության համար: Հեռահար ռազմավարական հրթիռները ոչնչացնող զենքեր են, սակայն դրանց տիրապետելը առաջին հերթին զսպման հզոր միջոց է այն երկրների համար, որոնք տիրապետում են դրանց: Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանին նման զենք մատակարարել առանց հապաղելու։
Այս հարցի պատասխանը կորոշվի Փարիզի անկեղծությամբ։ Այս սովորական զսպող զինատեսակները Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կանխելու միակ անմիջական լուծումն են։ Դրանք կարող են օգտագործվել Ադրբեջանի տարածքի խորքում ռազմավարական թիրախներ ոչնչացնելու, ադրբեջանական տնտեսությունը կաթվածահար անելու եւ, բացի այդ, նրա ռազմավարական զենքի պաշարները ոչնչացնելու համար։
Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները ստորագրել են Ադրբեջանի հետ հանածո վառելիքի մատակարարման ռազմավարական համագործակցության համաձայնագրեր, ուստի քիչ հավանական է, որ Ֆրանսիան իրավասություն ունենա մատակարարել այնպիսի սովորական սպառազինություն, որը կարող է վտանգել այդ մատակարարումը:
Նման զենքի հայտնվելուն Ռուսաստանը նույնպես բարյացակամորեն չի վերաբերվի հատկապես Հայաստանի կառավարության հետ ներկայիս լարված քաղաքական իրավիճակում, որը կարող է սպառնալ նրա հանածո էներգիայի վաճառքին ողջ Ադրբեջանում:
շարունակելի
Պատրաստեց Բորիս Ղազարյանը